Մատչելիության հղումներ

Թուրքիայում շարունակվում են բախումները քրդերի եւ ոստիկանության միջեւ


Թուրքիա -- Քուրդ ցուցարարների բողոքի ցույցը Դիարբեքիրում, 6-ը դեկտեմբերի, 2009թ.
Թուրքիա -- Քուրդ ցուցարարների բողոքի ցույցը Դիարբեքիրում, 6-ը դեկտեմբերի, 2009թ.

Թուրքիայում շարունակվում են բախումները քրդերի եւ ոստիկանության միջեւ։ Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը կասեցրեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը, զայրացած քրդերը փողոց դուրս եկան։ Իրավապահների հետ բախումների արդյունքում զոհվեց 3 ցուցարար, ձերբակալվել են ավելի քան 30 քուրդ քաղաքական գործիչ։

Ընդ որում, ձերբակալվածները, ովքեր մեղադրվում են քուրդ ապստամբ ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ոչ միայն շարքային ցուցարարներ են, այլ հայտնի քաղաքական դեմքեր։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ազատարկված քրդերի թվում 7 քաղաքապետ եւ երկու հայտնի իրավապաշտպան կա։

Հատկանշական է, որ այս զարգացումները տեղի են ունենում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախաձեռնած բարեփոխումներին զուգընթաց։

«Այնպիսի տպավորություն է, ասես այս խնդրի վերաբերյալ Թուրքիայի իշխանության ներսում չկա փոխադարձ համաձայնություն եւ մեկ համընդհանուր կարծիք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Թուրքիայի առաջատար Taraf թերթի մեկնաբան, հայազգի Սեւան Նշանյանը՝ պարզաբանելով. - «Մի կողմից կառավարությունը փորձում է մի շարք բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից՝ կառավարության ներսում որոշ ուժեր ամեն ինչ անում են այս նախաձեռնությունը ձախողելու համար»։

Քրդական միակ կուսակցության գործունեության կասեցումը, քույրդ ցուցարարների սպանությունն ու քաղաքական գործիչների ձերբակալությունը, Նշանյանի խոսքով, մանրազնին մշակված եւ հեռահար նպատակներ հետապնդող գործողություններ են, որոնք ուղղված են ոչ միայն իշխանության քրդական բարեփոխումների, այլ հենց Էրդողանի կառավարության դեմ։

«Սրանք սադրանքներ են, որոնք, եթե հաջողվեն, կարող են տապալել Թուրքիայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը», - կարծում է հայազգի վերլուծաբանը։

Հայ-թուրքական հարաբերությունների եւ թուրք–քրդական հարաբերությունների կարգավորումը նույն քաղաքական փաթեթի մաս են կազմում, եւ, ըստ էության, անհնար է, որ դրանցից մեկը հաջողի, առանց մյուսի առաջընթացի վստահեցնում է Նշանյանը։

«Ողջ աշխարհում այժմ զարգացումները միտված են դեպի առավել մեծ ժողովրդավարացում, ազատականացում եւ անցյալի տաբուների վերացում։ Այդ իսկ պատճառով, ես կանխատեսում եմ, որ Թուրքիայի կառավարությունը առաջիկա տարիներին առավել հաջողակ կլինի իր նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումներում», - վստահ է Taraf թերթի մեկնաբան, հայազգի Սեւան Նշանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG