Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը ստանձնում է Իսպանիան


2010 թվականի հունվարի 1-ից վեց ամսով Եվրամիության նախագահությունը կստանձնի Իսպանիան։ Այդ ամիսների ընթացքում, երկրի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի խոսքով, Իսպանիայի ուշադրության կենտրոնում են լինելու տնտեսության վերականգնումը, ներգաղթյալների վիճակը, Լիսաբոնյան համաձայնագրի իրագործումն ու Եվրամիության հետագա ընդարձակումը։

«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը տնտեսության առողջացումն ու նախկին աճի վերականգնումն է լինելու», - Բրյուսելում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարարն ու մանրամասնել. - «Առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք ուզում ենք ոչ միայն ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկել, այլեւ ամուր հիմքեր ստեղծել՝ 500 միլիոն քաղաքացի ունեցող Եվրոպայում տնտեսության կայուն բարգավաճման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ մրցունակ միջավայր ձեւավորելու համար»։

Հաջորդ կարեւոր ուղղությունը, Իսպանիայի արտգործնախարարի խոսքով, լինելու է ներգաղթի կառավարումն ու հսկողությունը։ Այս հարցի շուրջ, ըստ Մորատինոսի, Եվրամիության նոր նախագահողը մտադիր է առաջնորդվել երկու սկզբունքով. համագործակցություն եւ համերաշխություն. - «Ներգաղթը մի մարտահրավեր է, որին մեկնարկային եւ հյուրընկալող երկրները պետք է համատեղ պատասխանատվությամբ արձագանքեն, գործընթաց, որտեղ Եվրամիությունը պետք է իր համերաշխությունը ցուցադրի»։

Արտաքին քաղաքականության ոլորտում, ինչպես նշել է Մորատինոսը, Իսպանիան շարունակելու է համագործակցության խորացումը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Լատինական Ամերիկայի հետ, բացի այդ, լրջորեն աշխատելու է Եվրամիության հետագա ընդարձակման ուղղությամբ։

«Իսպանիայի նախագահությունը անելու է հնարավոր ամեն ինչ` Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցությունները հաջողելու եւ ավարտին հասցնելու համար։ Մենք նաեւ մեր աջակցությունն ենք հայտնում Իսլանդիայի հետ շարունակվող բանակցություններին, ինչպես նաեւ հավատարիմ ենք Թուրքիայի հետ բանակցությունները ընդարձակելու մեր հանձնառությանը», - հայտարարել է Իսպանիայի արտգործնախարարը:

Անցած նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հատուկ այս հարցի շուրջ բանակցելու նպատակով մեկնել էր Մադրիդ եւ բավական գոհ հեռացել բանակցություններից՝ հայտարարելով, թե համաձայնություն է ձեռք բերել ըստ էության փակուղի մտած անդամակցության գործընթացը առաջ տանելու վերաբերյալ։

Ավելի վաղ, Իսպանիայի արտգործնախարարը նաեւ խոստացել էր ուշադրության կենտրոնում պահել Արեւելյան գործընկերության ծրագիրը, որով Եվրամիությունը ծրագրում է սերտացնել հարաբերությունները նախկին խորհրդային 6 երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ։

Եվրամիության նախագահությունը Իսպանիային կփոխանցի Շվեդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG