Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացել է սուրբծննդյան թեմայով թուրքական առաջին ֆիլմի պրեմիերան


Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակը
Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակը

Ստամբուլում օրերս կայացել է մահմեդական երկրի համար արտասովոր մի ֆիլմի պրեմիերա. Neseli Hayat ֆիլմը դարձել է քրիստոնեական տոն չնշող թուրք հանդիսատեսի համար նկարահանված առաջին ժամանակակից կինոժապավենը Սուրբ Ծնունդի թեմայով:

Ֆիլմը, որի անվանումը թարգմանվում է «Ուրախ կյանք», պատմում է աշխատավորական դասի ներկայացուցիչ թուրք Ռիզայի մասին, ով աշխատանքի է տեղավորվել առեւտրի կենտրոնում՝ որպես Սանտա Կլաուս: Ստամբուլի խոշոր ու շքեղ, տոնականորեն զարդարված առեւտրի կենտրոնում աշխատելը Ռիզան թաքցնում է իր ընտանիքից, որն ապրում է աղքատ թաղամասում: Ի վերջո, գաղտնիքը բացահայտվում է, բայց հարազատները հասկանում են Ռիզային եւ ներում նրան:

Ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Յըլմազ Էրդողանը ասում է, որ իր մարմնավորած կերպարը փոխաբերական իմաստով կամուրջ է Թուրքիայի երկու աշխարհների միջեւ՝ հարուստ, «արեւմտյան կենսակերպով ապրող», բարձր դասին պատկանող թուրքերի եւ Անատոլիայից ներգաղթած, միայն արեւելյան ավանդույթներն ընդունող աղքատ թուրքերի միջեւ: «Ռիզան այն մարդն է, ով գտնվում է այդ երկուսի միջեւ», - ասում է Էրդողանը:

Էրդողանը համամիտ է, որ ոչ սովորական որոշում է կայացրել` թուրքական ֆիլմ կառուցել Սանտա Կլաուսի կերպարի շուրջ: «Սա մի խորհրդանիշ է, որ մենք սիրում ենք, յուրաքանչյուրը, ով տեսնում է նրան, ժպտում է», - ասում է ֆիլմի հեղինակը՝ հավելելով, որ իրենք Սուրբ Ծնունդին չեն վերաբերվում որպես կրոնական տոն, ուղղակի ազգի մի ստվար հատված սիրում է այդ արեւմտյան ամսաթիվը եւ նշում այն իր հարազատների հետ:

Այս օրերին սուրբծննդյան եղեւնիներով, զարդերով ու լույսերով ողողված Ստամբուլի առեւտրային թաղամասերը հեշտությամբ կարելի է շփոթել ցանկացած արեւմտյան, քրիստոնեական քաղաքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG