Մատչելիության հղումներ

Իրանում նոր բախումների հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, այդ թվում` Մուսավիի զարմիկը



Դիտեք. տեսանյութ YouTube վիդեո կայքում, որը ցույց է տալիս դեկտեմբերի 22-ին Թեհրանում տեղի ունեցած բախումներից մի դրվագ։

Անցած շաբաթավերջին Իրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ իրավապահների միջեւ, որոնց հետեւանքով, ինչպես երկուշաբթի առավոտյան հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը, զոհվել է 8 մարդ, այդ թվում` Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի զարմիկը: Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իրանական Kaleme կայքը, Միր-Հոսեյն Մուսավիի խորհրդական Ալիռեզա Բեխեշտին հաստատել է, որ Մուսավիի 36-ամյա զարմիկը սպանվել է:

Ըստ «Ֆրանսպրես»-ի, Սեյեդ Ալի Մուսավին կիրակի օրը Թեհրանի կենտրոնական «Էնղելաբ» հրապարակում անցկացված հակակառավարական հանրահավաքի ժամանակ հրազենի կրակոցից վիրավորվել է սրտի շրջանում: Նա մահացել է հիվանդանոցում:

«Մահ բռնապետին» վանկարկելով` կիրակի առավոտյան մի քանի հազար ընդդիմադիրներ դուրս էին եկել նախ Թեհրանի «Էնղելաբ» հրապարակ: Ի պատասխան, Թեհրանի ոստիկանությունը կիրառել է նույն մեթոդները, որոնց իրավապահները դիմել էին հունիսին`
նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

«Առավոտյան, երբ ցուցարարները մոտեցան Հաֆեզի կամրջին, քաղաքացիական հագուստով անձանց մի խումբ դիմահար կրակ բացեց նրանց ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը հեռախոսով պատմել է բախումների ականատեսներից մեկը:

Ընդդիմության ցույցին մասնակցած մի կին էլ բախումների կիզակետից փոխանցել է. - «Այս պահին ես Վալիասր փողոցում եմ գտնվում: Մի քանի հազար մարդ էր այստեղ հավաքվել, երբ հայտնվեցին ոստիկանները: Նրանք մոտոցիկլետներով էին եւ միանգամից հարձակվեցին ժողովրդի վրա: Ցուցարարներն էլ, ի պատասխան, սկսեցին այրել փողոցում դրված աղբամանները: Նրանք կարգախոսներ էին վանկարկում Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդի եւ բռնապետության դեմ»:

Վերջին տվյալներով` մայրաքաղաք Թեհրանում շուրջ 300 ցուցարարներ ձերբակալվել են:

Բախումներ են տեղի ունեցել նաեւ Սպահան, Նաջաֆաբադ եւ Շիրազ քաղաքներում:

Իրանական ընդդիմության կողմնակիցները խոստանում են երկուշաբթի օրը եւս դուրս գալ Թեհրանի փողոցներ` շարունակելով բողոքի լայնամասշտաբ գործողությունները:

Միացյալ Նահանգները դատապարտել է Իրանում տեղի ունեցած բռնությունները: «Մենք վճռականորեն դատապարտում ենք դաժան ու արդարացում չունեցող կոշտ միջոցներով ճնշումները Իրանի քաղաքացիների նկատմամբ, որոնք ձգտում էին օգտագործել իրենց քաղաքացիական իրավունքները: Պատմությունը միշտ նրանց կողքին է, ովքեր խաղաղ կերպով պաշտպանում են իրենց իրավունքները: Վախի ու բռնության միջոցով կառավարումը խոսում է այն մասին, որ կառավարությունը ամեն ինչից առավել վախենում է իր քաղաքացիներից», - ասված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

Իրանում հունիսի 12-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո իրավիճակը չի հանդարտվում: Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` գործող Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվել է ընտրողների ձայների ավելի քան 60 տոկոսով: Պաշտոնական արդյունքների հրապարակմանը հաջորդած հուզումների ընթացքում առնվազն 30 ցուցարար սպանվել էր, շուրջ հազար մարդ` բերման ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG