Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Մենք օլիգոպոլիաների դեմ ենք պայքարելու, ոչ թե օլիգարխների»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում ամփոփելով անցնող տարին, քննադատեց երկրի տնտեսության մեջ առկա օլիգոպոլ երեւույթները՝ շեշտելով, որ կառավարությունը օլիգոպոլիաների գոյության մասին խոսում է արդեն 10 տարի։

«Մենք օլիգոպոլիաների դեմ ենք պայքարելու, ոչ թե օլիգարխների։ Սրանք տարբեր հասկացություններ են։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք տալ գնահատական, որ այսօր պաշտոնատար անձինք զբաղվում են բիզնեսով։ Այդ գնահատականը քաղաքական գնահատական է», - նշեց Տիգրան Սարգսյանը։

Որպես օլիգոպոլիաների դեմ պայքարի առաջին միջոցառում՝ վարչապետը նշեց այն, որ այսուհետեւ հայաստանյան 500 խոշորագույն ընկերություններ իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն դրսից հրավիրված անկախ աուդիտի պարտադիր առկայությամբ։ Սակայն խնդիրը, Տիգրան Սարգսյանի խոսքով, նրանում է, որ Հայաստանում ստեղծված չեն օրենսդրական նորմատիվային հիմքեր, որպեսզի սեփականատերեր հանդիսացող կամ բաժնետոմսեր ունեցող պաշտոնյան իրավունք չունենա կառավարել այդ բիզնեսը։

«Դա է ստիպում մեզ, որ զերծ մնանք անունների հրապարակումից եւ ձեռնամուխ լինենք այնպիսի մեխանիզմների ստեղծմանը եւ ներդրմանը, որը այս խնդիրը կլուծի», - հավելեց վարչապետը։

Անդրադառնալով անցնող 2009 թվականին՝ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ամբողջական վերլուծություն կարվի ավելի ուշ, սակայն այսօր էլ պարզ է. պետությունը ցույց տվեց, որ կարող է հաղթահարել ծանրագույն մարտահրավերները նվազագույն կորուստներով, իսկ կառավարության հակաճգնաժամային ռազմավարությունը արդարացված էր եւ ճիշտ։

Խոսելով հաջորդ տարվա հնարավոր ռիսկերին դիմակայելու պատրաստվածության մասին՝ վարչապետն ասաց, թե կառավարությունը 2010 թվական է մուտք գործում 80 միլիարդ դրամ ազատ մնացորդով։ Բացի այդ, պետության Կայունացման հիմնադրամում այս պահին կա 54 միլիարդ դրամ, եւ երրորդը` Հայաստանը ստացել է հավաստիացում Եվրամիությունից, որ կստանա 100 միլիոն եվրո լրացուցիչ օժանդակություն հաջորդ տարվա ընթացքում։

«Սա բավականին լուրջ պաշարներ են, որպեսզի մենք ապահովենք 2010 թվականին մակրոտնտեսական կայունություն», - եզրակացրեց Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը մտադիր է հաջորդ տարի եւս գնալ արտաքին պարտքի ավելացման ճանապարհով. - «Ռուսաստանից լրացուցիչ եւս 100 միլիոն դոլարի խնդրանք ներկայացրել ենք։ Այս 100 միլիոն դոլարի ծրագիրը ամբողջությամբ նվիրված է լինելու ադամանդագործությանը։ Բացի այս, ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում ստեղծված է Հակաճգնաժամային հիմնադրամը, եւ ակնկալիքներ ունենք, որ կարող ենք մինչեւ 700 միլիոն դոլարի ծրագրեր ներկայացնել»։

Ասուլիսի ավարտին Տիգրան Սարգսյանը պատասխանեց նաեւ մի շարք քաղաքական հարցերի։ Մասնավորապես, անդրադառնալով իր եւ մի շարք այլ անկուսակցական պաշտոնյաների՝ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու փաստին, վարչապետը մեկնաբանեց. - «Դե յուրե ամրագրեցինք այն, ինչ կար դե ֆակտո»։

Վերջում էլ պարզվեց, որ Տիգրան Սարգսյանի մանկության բյուրեղյա երազանքը «Կռազի վարորդ» դառնալն է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG