Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Նամիք Թանը


Միացյալ Նահանգներում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել կադրային դիվանագետ, Իսրայելում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարության փոխքարտուղար Նամիք Թանը։ Այդ մասին հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նաբի Շենսոյը հրաժարական է տվել դեկտեմբերի սկզբին, երբ, ըստ թուրքական աղբյուրների, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում քննադատել է նրան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությունը չապահովելու համար։

«Անկարայում նախագահի եւ վարչապետի հանդիպմանը ներկա էին նաեւ արտգործնախարարները, դուք չե՞ք փոխանցել մեր խնդրանքը Սպիտակ տանը», - հարցրել է Դավութօղլուն, ինչին ի պատասխան` Շենսոյը ասել է.- «Ոչ, եթե կամենում եք` ինձ կարող եք ազատել այս պաշտոնից»։

Դրանից երկու օր անց Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` «Նաբի Շենսոյը դիմել է կենտրոն վերադառնալու խնդրանքով, որը բավարարված է»։

Նամիք Թանը ժամանակին աշխատել է Մոսկվայում, Աբու-Դաբիում եւ Վաշինգտոնում Թուրքիայի դիվանագիտական առաքելություններում եւ տարբեր պաշտոներ է զբաղեցրել արտգործնախարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG