Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարի Թուրքիա այցի օրակարգում է նաեւ Ղարաբաղի հարցը


Էլմար Մամեդյարով եւ Ահմեդ Դավութօղլու
Էլմար Մամեդյարով եւ Ահմեդ Դավութօղլու

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ուրբաթ օրը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, Մամեդյարովը Թուրքիա է այցելում իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հրավերով` քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր:

Թուրքիա այցելության ընթացքում Մամեդյարովը հանդիպումներ կունենա նախագահ Աբդուլա Գյուլի, խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Ահմեդ Դավութօղլուի հետ:

«Նախարար Մամեդյարովի այցելությունը հնարավորություն կստեղծի ցուցադրել քաղաքական կամք` առավել ուժեղացնելու համերաշխությունն ու փոխըմբռնումը, որը գոյություն ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 10-ին հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը կտրուկ հակազդեցություն էր առաջացրել Բաքվում: Նույն ամսվա վերջին Բաքու էր այցելել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով ադրբեջանցի գործընկերներին վստահեցրել էր, թե ինչպես եւ նախկինում` իր երկիրը շարունակելու է սատարել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում: «Անկարայի եւ Երեւանի միջեւ արձանագրությունները ստորագրվել են տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու համար: Իսկ դա հնարավոր է բացառապես միայն ադրբեջանական հողերը օկուպացումից ազատելու հետո: Արձանագրությունների ստորագրումը աշխարհի օրակարգ բերեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - Բաքվում ասել էր Դավութօղլուն:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վավերացմանը ներկայացված հայ - թուրքական արձանագրություններին թուրքական խորհրդարանը անցած երկու ամիսներին դեռեւս չի անդրադարձել:

Դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե երբ կողմերը ստորագրել են հայ - թուրքական արձանագրությունները, որեւէ նախապայման չի եղել, սակայն խորհրդարանում դրանք անցկացնելու համար ինչ-որ պայման է պետք, հավանաբար` Ղարաբաղյան խնդրի կարգավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG