Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա վերջապես խաչ կտեղադրվի


Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին
Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին

Եկող տարի Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կփոխի իր բացառապես թանգարանային կարգավիճակը եւ կդառնա նաեւ սրբատեղի։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Աղթամարի Սուրբ Խաչը կբացվի քրիստոնյա հավատացյալների համար որպես աղոթատեղի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մունիր Կարալօղլուն:

«Սա նշանակում է, որ եկեղեցու վրա վերականգնվելու եւ տեղադրվելու է խաչը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Տարեկան մեկ անգամ՝ Վարագա խաչի տոնի շրջանում, Ախթամարում, փաստորեն, կկատարվի եկեղեցական արարողություն՝ ժամերգություն կամ պատարագ», - տեղեկացրեց Արա Գոչունյանը՝ ընդգծելով, սակայն, որ մինչ այդ եկեղեցին նախ պետք է օծվի:

«Մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը սեպտեմբերի 12-ին նախատեսված արարողությանը», - թուրքական Անատոլիա գործակալությանն ասել է Վանի նահանգապետ Կարալօղլուն: Նահանգապետի խոսքերով՝ եկեղեցու բացումից հետո Աղթամարը շատերի համար կդառնա ուխտագնացության վայր:

«Սա Թուրքիայի իշխանությունների կողմից արված հերթական ժեստն է՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին», - կարծում է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Թուրքիայի կառավարությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման գործընթացը սկսեց 2005 թվականի մայիսից։ Աշխատանքները, որոնց արժեքը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, կազմել է շուրջ 1.7 միլիոն դոլար, ավարտվեցին 2006-ի հոկտեմբերին։ Եկեղեցին վերաբացվեց 2007 թվականի մարտի 29-ին, սակայն եկեղեցու վրա խաչ չտեղադրվեց. այն գործում է որպես թանգարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG