Մատչելիության հղումներ

Իջեւանի քաղաքապետը դադարեցրել է ավագանու 5 անդամների լիազորությունները


Իջեւանի քաղաքապետը մեկ ամսվա ընթացքում դադարեցրել է ավագանու 5 անդամների լիազորությունները: Ավագանու՝ արդեն նախկին 5 անդամները քաղաքապետի կողմից իրենց լիազորությունների դադարեցումը կվիճարկեն դատարանում: Մինչ այդ՝ քաղաքապետը կշարունակի աշխատել ավագանու 8 անդամի հետ, որոնցից մեկն իր եղբայրն է, մյուսը՝ գործավարուհու քույրը, երրորդը՝ հարեւանը։

Անցած տարվա հոկտեմբերին ավագանու 8 անդամներ հանդես էին եկել քաղաքապետին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ։ Կառավարությունը ավագանու այդ քայլը չհիմնավորված էր որակել՝ գործընթացին շարունակություն չտալով: Քաղաքապետին անվստահություն հայտնելու ձախողված գործընթացից հետո քաղաքապետն իր հերթին սկսեց դադարեցնել ավագանու այն անդամների լիազորությունները, որոնք, փաստորեն իր դեմ էին արտահայտվել։

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ավագանիների խորհրդում առաջացած իրավիճակը պայմանավորում է ոչ թե վերջին շրջանում ավագանի - քաղաքապետ թշնամական հարաբերություններով, այլ ավագանու անդամների կողմից նիստերին չմասնակցելու հանգամանքով:

«Ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ Ձեզ չենք ուզում: Ամեն ընտրված մարդ միշտ էլ ունի եւ՛ ընտրողներ, եւ՛ չընտրողներ, դա բնական է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Ներսիսյանը։

Քաղաքապետը ցույց տվեց իր որոշմամբ արդեն լիազորությունները դադարեցրած համարվող ավագանու անդամների՝ վերջին մեկ տարվա ընթացքում նիստերին մասնակցության ցուցակը: Ըստ ցուցակի, օրինակ, ավագանու հեռացված անդամ Վահե Ղալումյանը մեկ տարվա ընթացքում կայացած 17 նիստերից մասնակցել է 6-ին:

Քաղաքապետի կողմից լիազորությունները դադարեցված ավագանու անդամները, անօրինական համարելով իրենց ձեռքից ավագանու մանդատը վերցնելը, հայտարարում են, թե իրենք մասնակցել են այն նիստերին, որոնց մասին քաղաքապետարանը տեղեկացրել է:

«6 նիստ է հրավիրել, 6-ին էլ ես մասնակցել եմ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վահե Ղալումյանը՝ վկայակոչելով քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային էջը. - «Ներկայանում էինք նիստերի, տեսնում, որ մեր գրավոր ներկայացրած առաջարկները օրակարգում ընդգրկված չեն, փորձում էինք օրակարգ ներառել մեր առաջարկած հարցերը եւ քվեակության դնել օրակարգը, քաղաքապետը մեր պահանջը չէր կատարում, մենք էլ բոյկոտում էինք նիստերը: Ըստ երեւույթին, քաղաքապետը այդ նիստերը համարում է կայացած ու մեզ բացակա է համարում»։

Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային էջում ավագանու այս տարվա նիստերի բաժնում գերակշռում են չկայացած նիստերը՝ 9 նիստ չի կայացել: Կայացել է 6 նիստ: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը սա բացատրում է հենց ավագանու անդամների՝ նիստերին չմասնակցելու հանգամանքով, պատմում է, թե ինքը մի քանի անգամ անձամբ զանգահարել ու կանչել է նիստերի, բայց չեն եկել։

Քաղաքապետի հետ ավագանու հակամարտությունը սկսվել է մի շինարարության պատճառով, որը քաղաքապետը ապօրինի էր որակել, ավագանիներն էլ՝ օրինական: Սակայն լարվածությունը ծագել է ավելի վաղուց: Քաղաքապետը այն համարում է անձնական ու պայմանավորում ավագանու արդեն նախկին անդամներ Վահե եւ Վարդան Ղալումյանների անվան հետ: Ըստ Վարուժան Ներսիսյանի, նրանք են ուղղորդում ավագանու մյուս անդամներին:

Ավագանու անդամ Վահե Ղալումյանը, սակայն, քաղաքապետի հետ հարաբերությունների սրումը կապում է ծնունդով իջեւանցի, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվան հետ:

«Սակայն Փաշինյանը կապ չունի այս ամենի հետ, նա ընդամենը իմ մանկության ընկերն է»,-շեշտեց Վահե Ղալումյանը՝ հավելելով, թե ինքն ու իր գործընկերները Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորության թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ նամակ չեն տարածել։ Ըստ Ղալումյանի, դա կրկին քաղաքապետի ձեռքի գործն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG