Մատչելիության հղումներ

Թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը


Համազգային թատրոնում չորեքշաբթի անցկացված Հայաստանի թատերական գործիչների միության (ԹԳՄ) 13-րդ համագումարում միաձայն ԹԳՄ-ի նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը։

Միության գործող նախագահի թեկնածությունից բացի որեւէ այլ թեկնածություն չառաջադրվեց։ Համագումարի 73 պատվիրակները նախ լսեցին միության նախագահի հաշվետվությունը անցած երկու տարիներին կատարված աշխատանքի մասին։ Ղազանչյանը խոսեց ընթացիկ ծրագրերի մասին, որոնք սկսվել եւ իրականացվում են ու կշարունակվեն իրականացվել։

«Կապ չունի, թե այսօր ով նախագահ կընտրվի։ Դրանք շատ պատվաբեր միջոցառումներ են, եւ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ենք դրանք նախաձեռնել», - իր խոսքում շեշտեց Ղազանչյանը։

Առհասարակ, թատրոնի համար դժվար ժամանակներ են, ասում էր ԹԳՄ-ի նախագահը, մանրամասնելով. - «Ժամանակները շատ վտանգավոր կարող է համարվեն թատրոնի ապագայի համար այն առումով, որ թատրոններում չկան այն աշխատավարձերը, այն ֆինանսական փոխհատուցումները, որոնք երիտասարդներին ստիպեն իրենց կյանքը կապել թատրոնի հետ»։

Հնչեցին մի շարք այլ ելույթներ, անդրադարձ եղավ թե՛ Սունդուկյանի թատրոնին, թե՛ այլ հիմնախնդիրների։ Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, խոսելով, մասնավորապես, Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարի մինչեւ այժմ թափուր մնացած տեղի մասին, առաջարկեց հանրագումարի գալ՝ «թե ինչպիսին պիտի լինի խաղացանկային թատրոնը Հայաստանում եւ ինչպես է այն ղեկավարվելու»։

Ձեռքբերումների թվում նշվեց Կապանի թատրոնի հիմնանորոգումը, որին կարողացել է նպաստել Միությունը։ Սոսկալի վիճակում է Ստեփանակերտի թատրոնի շենքը, նշեց Ղազանչյանը՝ հավելելով. - «Ամոթից գետինը կարելի է մտնել Ստեփանակերտի թատրոն մուտք գործելով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG