Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով փորձ է արվում ընդամենը ընդդիմության վրա հոգեբանական ճնշում գործադրել։ Չորեքշաբթի հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Մեղադրող կողմը դեկտեմբերի 22-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց 8 տարվա ազատազրկման դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ով մեղադրվում է 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ։

«Մենք գիտենք Փիլոյանը ով է», - խոսելով Փաշինյանի գործով մեղադրող դատախազի մասին, ասաց Զուրաբյանը. - «Փիլոյանը պրոֆեսիոնալ դատախազ չէ։ Նա մսագործ է։ Նա նույն հաջողությամբ կարող էր կախաղան պահանջել, ուղղակի Քրեական օրենսգրքում դա նախատեսված չէ՝ ի ցավս Փիլոյանի։ Դա, իհարկե, նախեւառաջ հոգեբանական ազդեցության փորձ է»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգողը վստահեցրեց, որ «նման հոգեբանական հնարքներով» ոչ ոք իրենց չի կարող ճնշել։

«Եթե նրանց նպատակը այն է, որ դրանով փորձեն ազդել 10-րդ տարածքում ընթացող ընտրությունների վրա, ուրեմն ստանալու են միայն հակառակ արդյունք», - նաեւ ասաց Լեւոն Զուրաբյանը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը որպես թեկնածու է գրանցված Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի տեղի համար անցկացվող լրացուցիչ ընտրություններում։

Հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը Նիկոլ Փաշինյանից բացի պատգամավորական մանդատի համար պայքարելու են Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը։

Հարցին, թե արդյո՞ք դատավճռի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա ընտրություններին մասնակցել, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Եթե նույնիսկ դատարանը մինչեւ ընտրությունները վճիռ կայացնի, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ կա վերաքննիչ դատարան դիմելու հնարավորություն, եւ մինչեւ վճիռը օրենքի ուժ չստանա, ոչ ոք չի կարող խափանել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ընտրություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG