Մատչելիության հղումներ

Քութայիսիի հուշահամալիրը վերստեղծվելու է Մոսկվայում


Քութայիսիի հուշահամալիրը
Քութայիսիի հուշահամալիրը

Հայրենական մեծ պատերազմում զոհված վրացիների հիշատակը հավերժացնող քութայիսյան համալիրը նույնությամբ վերականգնվելու է Մոսկվայում: Այդ մասին երեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Մեր մասնագետների կարծիքով` այս հուշարձանն իրենից գեղարվեստական արժեք է ներկայացնում: Բայց էականը դա չէ: Իրականում սա նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հիշողությունից ընդհանուր անցյալի, այդ թվում հերոսական անցյալի մասին վկայությունները ջնջելու հերթական փորձն է: Այս պարագայում հնարավոր է, որ պայթեցված հուշարձանը վերականգնվի երբեմնի միասնական պետության մայրաքաղաք Մոսկվայում», - ասել է Պուտինը:

Վրաստանի իշխանություններն էլ շարունակում են անցած շաբաթավերջին Քութայիսիում տեղի ունեցած ողբերգության
Քութայիսիի հուշահամալիրի պայթյունը, որի ժամանակ երկու մարդ զոհվեց, 19 դեկտեմբերի, 2009
հետաքննությունը: Պայթյունը իրականացրած ընկերության գործադիր տնօրենը առաջիկա երկու ամիսները կանցկացնի նախնական կալանքի տակ` այդպես է որոշել առաջին ատյանի դատարանը: Երեքշաբթի օրը ձերբակալվել են ընկերության եւս երկու աշխատակիցներ:

Վրաստանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ ընկերության ներկայացուցիչները չեն ապահովել անվտանգության անհրաժեշտ միջոցառումները: Դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` պետք է արգելափակվեր պայթեցվող հուշարձանին հարող ամբողջ տարածքը` 300 մետր շառավղով: Դա սակայն, իրավապահների պնդմամբ, չի արվել: «Երկու զոհերն էլ գտնվել են պայթյունի էպիկենտրոնից 270 մետր հեռավորության վրա», - նշում են քննիչները:

Ինտերնետում հայտնվել են նաեւ պայթյունի ժամանակ բջջային հեռախոսով արված նկարահանումներ, որոնցում հստակ երեւում է, թե ինչպես են հուշարձանից պոկված հսկայական քարերը հարվածում մոտակա շենքի բակում կանգնած մարդկանց:

Վրացական ընդդիմության ղեկավարներից շատերը այս օրերին Քութայիսիում են: Նրանք պահանջում են պատժել ոչ միայն պայթյունը իրականացնողներին, այլեւ հուշարձանի ապամոնտաժման մտահղացման հեղինակներին, նախեւառաջ` նախագահ Միխեիլ Սահակաշվիիին:

«Այս հուշարձանը մարմնավորում էր այն բոլոր մարդկանց հիշատակը, որոնք կռվել են նացիզմի դեմ` հանուն ազատության: Սա վրացիների եւ այլազգիների, եվրոպացիների ու հրեաների հիշատակը հավերժացնող հուշարձան էր: Եթե մենք ուզում ենք այս ամենը մոռացության մատնել, ուրեմն` մենք վերածվել ենք բարբարոսների ազգի, որի նախագահը եւս բարբարոս է: Նախագահը արտերկրից զանգահարում է եւ հրահանգում շտապ պայթեցնել հուշարձանը, որպեսզի հանկարծ դրա մերձակայքում ընդդիմությունը բողոքի գործողություն չկազմակերպի», - հայտարարել է, մասնավորապես, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG