Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում է պահանջում Փաշինյանի համար


Հայաստան -- Մարտի 1-ին Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ բարիկադավորված ցուցարարները ողջունում են Նիկոլ Փաշինյանին, 1-ը մարտի, 2008թ.
Հայաստան -- Մարտի 1-ին Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ բարիկադավորված ցուցարարները ողջունում են Նիկոլ Փաշինյանին, 1-ը մարտի, 2008թ.

Մեղադրող կողմը դեկտեմբերի 22-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց 8 տարվա ազատազրկման դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը մեղադրվում է 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ։

5 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կզրկվի Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշմամբ ընդունված համաներմամբ պատժից ազատվելու հնարավորությունից։ Բացի այդ, նույնիսկ հունվարի 10-ին նշանակված պատգամավորական ընտրություններում հաղթանակ տանելու պարագայում, Փաշինյանը կարող է զրկվել մանդատից։

Դատական նիստը ընթացավ օրենքի խախտմամբ


Աշխատանքային ժամի ավարտից մոտ 15 րոպե առաջ, այսինքն՝ 17.45-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց դատաքննության ավարտի մասին, եւ ազդարարեց, որ դատարանն անցնում է վիճաբանությունների փուլին: Մեղադրող Հարություն Հարությունյանն անմիջապես արձագանքեց. - «Հարգելի դատարան, մեղադրանքի կողմը պատրաստ է դատական վիճաբանություններին»։

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ բացի մեղադրյալ լինելուց ինքը նաեւ հանդիսանում է պատգամավորության թեկնածու, խնդրեց ավարտել դատական նիստը եւ իրեն հնարավորություն տալ հանդիպելու վստահված անձանց հետ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, որոշեց մեղադրողին հնարավորություն տալ հանդես գալ ճառով, այն չընդհատելով անգամ աշխատանքային օրվա ավարտին՝ ժամը 18։00-ին։ Դատական նիստը օրենքի խախտմամբ շարունակվեց ավելի քան 1 ժամ։

Մեղադրող Հարությունյանը իր ճառը սկսեց հայտարարությամբ, որ Նիկոլ Փաշինյանի մեղքը՝ մի խումբ անձնանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասով, լիովին հաստատվել է։

«Բացի այդ, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ», - ասաց Հարությունյանը՝ անդրադառնալով մեղադրանքի հաջորդ դրվագին։

Նախքան մեղադրական ճառի հրապարակումը պաշտպանական կողմը լրացուցիչ ապացույցներ, տեսանյութեր ներկայացրեց դատարանին, որոնց մի մասը քրեական գործում ընդհանրապես չկային: Սակայն պարզվեց, որ առանց դրանց էլ մեղադրող կողմը կարող էր հրապարակել ճառը՝ րոպեներ առաջ ներկայցված ապացույցները վերլուծելու եւ աշխատելու անհրաժեշտություն չկար: Ընդ որում, ապացույցների ներկայացման ընթացքում մեղադրող Կորյուն Փիլոյանը շարունակ հայտարարություններով էր հանդես գալիս՝ ասելով, թե ներկայացվող տեսանյութերը որեւէ առնչություն չունեն քննվող գործի հետ, կամ, փաստաբանների պարզաբանումներից հետո պնդում էր, թե նման բան չկա տեսանյութում:

Օրվա առաջին կեսին պաշտպանական կողմը ներկայացրել 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող կադրեր: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ տեսանյութերի վերաբերյալ կարծիք հայտնեց, թե դրանցով հստակ հիմնավորվում է, որ Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ոստիկանական մեքենաների հրկիզումը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։

Բացի դրանից, համեմատելու եւ իշխանությունների անփոփոխ գործելաոճը ապացուցելու նպատակով, պաշտպանական կողմը ներկայացրեց նաեւ 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձություններին վերաբերող կադրեր: Երկու դեպքում էլ կիրառվել է «Զարյա» անունով հատուկ միջոց։ Երկու դեպքում էլ եղել են վիրավորներ։

«Ցույց տվեցինք կադրերը այդ վնասվածքների։ Դրանք նույնական են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստեց Լուսինե Սահակյանը։

Իր հերթին, մեղադրող Կորյուն Փիլոյանը արձագանքեց. - «2004 թվականի դեպքերը քննվող քրեական գործի հետ ընդհանուր ոչինչ չունեն, չեն էլ կարող ունենալ։ Փաստաբանը փորձագետ չէ, որ բերի դատարանի դահլիճում նույնացում անի։ Սա բացարձակապես ապօրինի միջնորդություն էր, եւ ոչինչ չտվող»։

Այդուամենայնիվ, ներկայացված նյութերը կցվեցին գործին, իսկ դրանց գնահատականը կտրվի խորհրդակցական սենյակում

Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանները միջնորդեցին նաեւ հարցաքննել նոր վկաների, սակայն առանց մեղադրողների ներկայության, պահանջելով, որ պահպանվի նրանց անվտանգությունն ու չհրապարակվի ինքնությունը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG