Մատչելիության հղումներ

Լիոնել Մեսին` տարվա լավագույն ֆուտբոլիստ


Լիոնել Մեսի
Լիոնել Մեսի

Երկուշաբթի օրը Ցյուրիխում համաշխարհային ֆուտբոլի գլխավոր կազմակերպությունը` ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Արգենտինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիին:

2009 թվականը մեծագույն հաջողության տարի է Մեսիի համար: Դեկտեմբերի 1-ին էլ նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ եւ ստացել «Ոսկե գնդակ» մրցանակը։

Այս անվանակարգում հաղթողին ընտրում է «Ֆրանս ֆուտբոլ» հեղինակավոր հանդեսը։ 1956 թվականին հիմնադրված մրցանակը տասնամյակներ շարունակ տրվել է միայն եվրոպացի ֆուտբոլիստներին, այսինքն` Հին մայրցամաքում հանդես եկող Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի կամ այլ մայրցամաքի մարզիկը «Ոսկե գնդակի» մասին չէր էլ կարող երազել, սակայն 1995 թվականին այդ արգելքը չեղյալ է հայտարարվել, եւ հարավամերիկյան ֆուտբոլի աստղերն արդեն բազմաթիվ անգամներ վաստակել են «Ոսկե գնդակը»։

Լիոնել Մեսին անցյալ տարի զիջել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, այս տարի էլ պորտուգալացին է արգենտինացուն զիջել «Ոսկե գնդակը»։

Ռոնալդուն, ով նույնպես հավակնում էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, նախօրեին հիացմունքով է խոսել Մեսիի տաղանդի մասին։

«Այս տարի «Բարսա»-ն շահել է բոլոր հնարավոր մրցանակները, Լիոնելը փայլուն խաղ է ցույց տվել, ես չեմ խանդում, նա արժանի է այդ մրցանակին»,- ասել է պորտուգալացին։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում էին նաեւ բրազիլացի Կական` Մադրիդի «Ռեալ»-ից, ինչպես նաեւ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ, Իսպանիայի հավաքականի անդամներ` Չավի մականունով հայտնի Խավիեր Հերնանդես Ի Կրեուսն ու Անդրես Ինյեստան։

Ստանալով մրցանակը` Լիոնել Մեսին խոսել է գալիք տարվա ամռանը Հարավային Աֆրիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։

«Ես հուսով եմ, որ 2010-ի աշխարհի գավաթը բացարձակապես տարբեր կլինի։ Այն ավելի հաջող կլինի Արգենտինայի եւ ինձ համար», - հայտարարել է 2009 թվականի մոլորակի լավագույն ֆուտբոլիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG