Մատչելիության հղումներ

Ադրբեջանը` ժողովուրդների ինքնորոշման մասին ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւի համահեղինակների թվում


Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 64-րդ նստաշրջանում, ուրբաթ օրը առանց քվեարկության ընդունվել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձեւը, որի համահեղինակ` ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետությունների թվում են Հայաստանը եւ Ադրբեջանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին. - «Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը»:

Արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ վերջին ամսվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը միանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը պաշտպանող նախաձեռնության: Նա հիշեցրեց Աթենքում դեկտեմբերի 1-2-ը կայացած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ընդունված` Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի անդամ 56 երկրների հայտարարությունը:

Հիշյալ փաստաթղթերում ամրագրված է հանձնառություն` «եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG