Մատչելիության հղումներ

Նոր կրակահերթեր Երեւանում. սպանվել է 41-ամյա մի տղամարդ


Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում կրակահերթով սպանություն է կատարվել. սպանվել է 41-ամյա Ռադիկ Ղուկասյանը:

Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում ասված է. - «Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածի 17 շենքի բակում կայանված ավտոմեքենայում անշարժ վիճակում մի տղամարդ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են «Մերսեդես ՄԼ 320» մակնիշի 19ԼՕ151 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է 1968 թվականին ծնված Ռադիկ Ղուկասյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 միլիմետր տրամաչափի 23 պարկուճ, իսկ մոտ 100 մետր հեռավորության վրա` ԱԿՄ տիպի ինքնաձիգ` առանց փամփշտակալի»:

Հարուցվել է քրեական գործ, դեպքի հանգամանքները պարզվում են, ինքնաձիգը եւ պարկուճներն ուղարկվել են փորձաքննության, նշանակվել է դիակի դատաբժշկական փրձաքննություն:

Քննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Մեկ ամիս առաջ Երեւանի Մյասնիկյան պողոտայում նույնպես ինքնաձիգի կրակահերթով սպանվել էր «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն 51-ամյա Սամվել Շաբոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG