Մատչելիության հղումներ

Հայաստանի «Հատիս»-ը կրկին հաղթեց Թուրքիայի «Բեշիկթաշ»-ին


Դրվագ «Հատիս» - «Բեշիկթաշ» հանդիպումից, Երեւան, 17-ը դեկտեմբերի, 2009
Դրվագ «Հատիս» - «Բեշիկթաշ» հանդիպումից, Երեւան, 17-ը դեկտեմբերի, 2009

Հինգշաբթի օրը կայացավ Եվրոպայի գավաթի 2009/10 թվականների խաղարկության կանանց բասկետբոլի «Հատիս» (Երեւան) եւ «Բեշիկթաշ» (Ստամբուլ) թիմերի հանդիպումը, որը ավարտվեց Հայաստանի թիմի հաղթանակով՝ 78։72 հաշվով։

Սա այս թիմերի միջեւ կայացած երկրորդ հանդիպումն էր։ Նախորդ հանդիպմանը «Հատիս»-ը մրցակցի դաշտում` Ստամբուլում առավելության էր հասել 87:64 հաշվով։

Ստամբուլի «Բեշիկթաշ»-ը համարվում է Եվրոպայի գավաթի 2009/10 թվականների խաղարկության կանանց բասկետբոլի ուժեղագույն թիմերից մեկը, մինչդեռ երեւանյան «Հատիս»-ը կազմավորվել է 2009-ի օգոստոսին եւ առաջին խաղերն է անցկացնում:

Մինչ թուրքական թիմի հետ երկրորդ հանդիպումը «Հատիս»-ը արդեն իսկ պաշտոնապես իրավունք էր ստացել մասնակցել Եվրոգավաթի 2009/10 թվականների խաղարկության 1/16-րդ եզրափակիչին: «Բեշիքթաշ»-ի նկատմամբ հաղթանակի արդյունքում «Հատիսը» F խմբում կգրավի երկրորդ տեղը եւ հնարավորություն կստանա ավելի նպաստավոր մրցակից ստանալ 1/16-րդ եզրափակիչում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. -
«Հատիս»-ի երկրպագուները տոնում են հաղթանակը
«Տրամադրությունը շատ բարձր է, այնքան բարձր է, որ չեմ կարող դա փոխանցել: Շատ ուրախ ենք, որովհետեւ իրոք ուժեղ մրցակից էր: Ամբողջ խաղով հաղթել ենք, ամբողջ խաղի ընթացքում մենք առջեւում էինք: Նյարդային վերջաբան եղավ, բայց շատ ուրախ ենք, որ հաղթեցինք»:

«Մենք ունենք երեք հաղթանակ եւ երեք պարտություն, որը ես համարում եմ շատ մեծ, բարձր արդյունք: Մենք մեր ծրագիրը գերակատարել ենք: Իսկ հետագայում արդեն, ճիշտ է, մենք կաշխատենք անել ամեն ինչ, որ էլի առաջ գնանք` «ախորժակը ուտելիս է բացվում», սակայն պետք է շատ ադեկվատ մտածել, էյֆորիայի մեջ չընկնել, որովհետեւ թիմը ստեղծվել է ընդամենը երեք ամիս առաջ, եւ թիմեր կան, որ տարիներով խաղում են` անգամ խումբ չեն կարողանում ընկնել, էլ չասած` խմբից դուրս գալ», - ընդգծեց Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG