Մատչելիության հղումներ

Պառակտում Հնչակյան կուսակցության ներսում


Հինգշաբթի առանձին-առանձին հրավիրած ասուլիսներում Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) երկու ներկայացուցիչներ փորձում էին հասարակությանը համոզել, թե հենց իրենք են կուսակցության իրական ատենապետը:

Լրագրողների հետ հանդիպմանը Լյուդմիլա Սարգսյանը պնդում էր, որ ինքը շարունակում է մնալ ատենապետ, իսկ նախօրեին սեփական համագումարն անցկացրած անձինք հայտարարում էին, թե կուսակցության նորընտիր ատենապետը Գեւորգ Պերկուպերկյանն է:

Օրերս Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության մի խումբ անդամներ անվստահություն էին հայտնել 2004 թվականից կուսակցության Հայաստանի կառույցի ատենապետի գործառույթներն իրականացրած Լյուդմիլա Սարգսյանին եւ դեկտեմբերի 16-ին Ծաղկաձորում արտահերթ համագումար էին անցկացրել։

Ըստ Գեւորգ Պերկուպերկյանի, տիկին Սարգսյանին անվստահություն է հայտնել կուսակցության գործող կառույցների մեծ մասը, հետեւաբար՝ Լյուդմիլա Սարգսյանն այլեւս ատենապետ չէ:

«Կառույցների անվստահությունից հետո Լյուդմիլա Սարգսյանը եւ վարչությունը արդեն համարվում են լուծարված», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պերկուպերկյանը։

«Անկախ նրանից, թե ի՞նչ կորոշեն, ես դեռ ատենապետ եմ», - իր հերթին հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ ՍԴՀԿ-ի վարչությունը նախօրեին որոշում է կայացրել եւ կուսակցությունից հեռացրել է Գեւորգ Պերկուպերկյանին։

Այսինքն, ստացվում է, որ երկու ատենապետերը փոխադարձաբար միմյանց հեռացրել են կուսակցությունից:

Թե ո՞վ է իրական ատենապետը, եւ ովքե՞ր են վարչության իրական անդամները, ըստ նորընտիր ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի, այդ հարցը որոշելու է կուսակցության համասփյուռ կառույցը: Մինչ այդ՝ կուսակցության կնիքը գտնվում է Լյուդմիլա Սարգսյանի մոտ, իսկ թուրը` Գեւորգ Պերկուպերկյանի:

Փոխադարձ մեղադրանքներ


Գեւորգ Պերկուպերկյանի կողմնակիցները Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարության մեջ ՍԴՀԿ-ի ատենապետին մեղադրել են կուսակցության անդամների եւ ամբողջ կառույցների «մեկուսացնելու եւ չեզոքացնելու», ներկուսակցական խնդիրները ԶԼՄ-ների քննարկման առարկա դարձնելու մեջ։

Իր հերթին՝ Լյուդմիլա Սարգսյանը կուսակցության ներսում տեղի ունեցող պառակտման պատճառը «քաղաքական» է որակում։ Նրա պնդմամբ` ՍԴՀԿ-ի Համահնչակյան կենտրոնական վարչության ղեկավար Սեդրակ Աճեմյանը, գործարքի գնալով իշխանությունների հետ, սկսել է պառակտել կուսակցությունը, իսկ այդ հարցում նրան օգնել է վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Իսկ պառակտման նպատակը մեկն է. Հնչակյան կուսակցությունը հանել Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից: Ընդ որում, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, Աճեմյանի հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նորընտիր ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը, սակայն, նշեց, թե իրենք Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու մտադրություն չունեն։

Հայ ազգային կոնգրեսը արձագանքում է


Հնչակյան կուսակցության ներսում տեղի ունեցած զարգացումների առնչությամբ հինգշաբթի հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։ Կոնգրեսը, մասնավորապես, հույս է հայտնել, որ «հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը եւ կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների եւ կանոնադրական պահանջների շրջանակում»։

«Իսկ մինչ այդպիսի լուծումը Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը», - նշվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG