Մատչելիության հղումներ

Time հանդեսը տարվա մարդ է ճանաչել Բեն Բեռնանկեին


Բեն Բեռնանկե
Բեն Բեռնանկե

Time հանդեսը 2009 թվականի տարվա մարդ է ճանաչել Միացյալ Նահանգների Ֆեդերալ ռեզերվի` կենտրոնական բանկի նախագահ 56-ամյա Բեն Բեռնանկեին: Հեղինակավոր հանդեսի կարծիքով` հենց Բեռնանկեն է այս տարվա ընթացքում առավել ազդեցություն ունեցել:

Այս տարվա հիմնական իրադարձությունը տնտեսական ճգնաժամն էր, դրա հետեւանքները: «Խոսքը տնտեսական ճգնաժամի մասին է, որն առնչվեց բոլորին, խոսքը տնտեսության մասին է, որը մեծ մասամբ բնորոշվեց որպես Բեռնանկեի տնտեսություն», - ասել է Time-ի գործադիր խմբագիր Ռիք Սթենջելը` ընդգծելով, որ հենց Բեռնանկեի շնորհիվ Ամերիկան ճգնաժամից չընկավ տնտեսական դեպրեսիայի մեջ:

Բեռնանկեն աշխարհի հեղինակավոր տնտեսագետներից է: Ավարտել է Հարվարդի համալսարանը եւ Մասաչուսեթսի ճարտարագիտական ինստիտուտը: Նրա կարիերայի հիմնական մասը գիտությունն է ու դասախոսական աշխատանքը` դասավանդել է Ամերիկայի եւ Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում:

«2009 թվականին Բեռնանկեն աննախադեպ գումարներ ուղղեց դեպի բանկերը` կիրառելով աննախադեպ մեթոդներ: Նա ուսումնասիրեց ֆինանսական ցնցումների փորձը եւ վերջին հաշվով հանդարտեցրեց ֆինանսական շուկան: Նա նոր քաղաքականություն կիրառեց», - գրում է Time-ը` նշելով, որ Բեռնանկեի ջանքերը ուղղված էին ոչ այնքան Ամերիկայի, որքան համաշխարհային տնտեսությունը խորը ճգնաժամից փրկելուն:

«Ճաղատ մարդը` մոխրագույն մորուքով ու հոգնած աչքերով, Վաշինգտոնի իր մեծ գրասենյակում խոսում է տնտեսության մասին: Նա հրամայական տոն չունի, հիպնոսացնող հատկություն չունի, խարիզմատիկ չէ: Նրա խոսքերը զգայական կամ գաղափարական չեն: Նրա խոսքը հիմնված է տվյալների ու ակադեմիական վերջին աշխատություների վրա: Եթե նա որեւէ բան չգիտի, ապա չի ձեւացնում, թե գիտի, չի նեղվում դրանից: Նա արհեստավարժ է, պրոֆեսոր: Ամաչկոտ է, խուսափում է ճաշկերույթներից, ճաշում է տանը` կնոջ հետ: Երեկոներն էլ սովորաբար խաչբառներ են լուծում», - 2009 թվականի տարվա մարդուն նկարագրում է Time-ը:

Time-ը 1927 թվականից ամեն տարի հրապարակում է, թե ով է ճանաչվել տարվա մարդ. անցյալ տարի Բարաք Օբաման էր, նախանցյալ տարի` Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը միակն է, ով երեք անգամ տարվա մարդ է ճանաչվել:

Երբեմն Time-ը անակնկալ որոշումներ է ընդունում: Օրինակ, 1982 թվականին տարվա մարդ ճանաչվեց համակարգիչը, իսկ 2006-ին` մեզանից յուրաքանչյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG