Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին բռնություն գործադրած ոստիկանները դատապարտվեցին եւ համաներմամբ ազատվեցին պատժից


Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ չորեքշաբթի համաներում կիրառեց 2008-ի մարտի երկուսին Մաշտոցի պողոտայում երկու քաղաքացիների ծեծի ենթարկած ոստիկանների նկատմամբ։

Մեղադրող դատախազ Աշոտ Նադոյանը իր մեղադրական ճառում 3-ական տարվա ազատազրկում եւ համաներում պահանջեց ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի համար՝ նրանց մեղավոր ճանաչելով բռնությամբ զուգորդված գործողություններ կատարելու մեջ։

«Գտնում եմ, որ ամբաստանյալներ Անդրանիկ Մանուկյանին եւ Գեղամ Գրիգորյանին մեղսագրված արարքները լիովին հիմնավորված ու ապացուցված են։ Դատաքննությամբ հաստատվեց, որ ամբաստանյալները դիտավորությամբ կատարել են իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող, բռնությամբ զուգորդված գործողություններ՝ էական վնաս պատճառելով անձանց եւ պետության օրինական շահերին», - իր մեղադրական ճառում ասաց Աշոտ Նադոյանը։

Բռնության ենթարկված քաղաքացիները հայտնաբերված չեն, ոստիկանների դատն անցկացվեց առանց տուժող կողմի։

Ոստիկանները եւ նրանց փաստաբան Արթուր Ղարիբյանը հայտարարեցին, որ որեւէ բռնություն չեն կիրառել, իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ եւ ներկայացված մեղադրանքները անհիմն են։

Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանին եւ Գեղամ Գրիգորյանին դատարանը մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ մասով` պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ, դատապարտեց երեքական տարի ազատազրկման, բայց կիրառելով համաներում հայտարարելու մասին ԱԺ հունիսի 19-ի որոշումը` ազատեց պատժից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG