Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 16-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է դրամի արժեւորումը` նկատելով. - «Եթե մեկ ամիս առաջ Կենտրոնական բանկը դրամի կտրուկ արժեզրկումը կանգնեցնելու համար հսկայական գումարներ էր ծախսում, ապա նույն տրամաբանությամբ` ԿԲ-ն հիմա էլ պիտի միջամտի` նույնքան կտրուկ արժեւորումը կանգնեցնելու համար: Դա դժվար չէ. եթե մեկ ամիս առաջ ԿԲ-ն դոլար էր վաճառում, ապա հիմա պետք է ետ գնի: Բայց չի անում: Ի՞նչ է ստացվում արդյունքում: Մարդիկ իրենց կուտակած կամ արտասահմանից ստացվող համեստ գումարները հիմա են սկսում օգտագործել` գոնե ամանորի ծախսերը հոգալու համար: Ու ստացվում է` ԿԲ-ն ամեն ինչ անում է, որպեսզի նրանց ունեցած արտարժույթը հնարավորինս արժեզրկված լինի: Սա նորմալ կդիտվեր, եթե դոլարի արժեզրկման հետ զուգահեռ` ապրանքները նույնպես էժանանային, բայց մեզ մոտ թանկացում է նկատվում: Ու մեկ անգամ եւս ապացուցվում է, որ ԿԲ-ն աշխատում է հօգուտ խոշոր ներկրողների, ովքեր այսօր վաճառելով իրենց ներկրած ապրանքները, դրամով ձեռք կբերեն էժան արտարժույթ, որն, իր հերթին, շուտով, ամանորից հետո կարժեւորվի»:

«Ժամանակ»-ի խմբագիրը հակադրվում է այն պնդումներին, թե Ղարաբաղյան հարցում հայկական կողմի համար ամենակարեւորը կարգավիճակի հարցն է, գրելով. - «Կարծում եմ, որ կա կարգավիճակից ավելի կարեւոր բան: Դա ազատագրված տարածքների խնդիրն է: Հայկական կողմի համար գլխավորն այդ խնդիրն է: Այսինքն` այն, թե ով է վերահսկում այդ տարածքները: Եթե դրանք դուրս են գալիս հայկական վերահսկողության տիրույթից, ապա Ղարաբաղի ցանկացած կարգավիճակի գլխին կախվելու է ժամանակավորության մթնոլորտը եւ ճնշելու է հայերին: Ազատագրված տարածքները հայկական կողմի համար թե' ֆիզիկական անվտանգության, թե' բարոյական վերելքի հիմք են: Զրկվելով դրանցից` հայկական կողմը զրկվում է ֆիզիկական անվտանգությունից եւ բարոյական առավելությունից»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Ժիրայր Սեֆիլյանը մեկնաբանում է Դաշնակցության վարքագիծը եւ նշում. - «Դաշնակցության ընդդիմադիր նկրտումները տակավին անկեղծ չեն: Ինչպե՞ս կարող է մեր երկրում լինել ընդդիմադիր ուժ, որը սեփական հեռուստակայան ունի: Այն օրը, երբ մենք լսենք, որ «Երկիր մեդիան» փակվել է, այդ օրը ես կհավատամ, որ Դաշնակցությունն իրական ընդդիմություն է դարձել: Երբ «Միացում» նախաձեռնությունը միջոցառումներ էր անում, եւ Հ1-ը կամ «Շանթը» չէին լուսաբանում, դա հասկանալի էր: Բայց ինչո՞ւ իրեն ընդդիմադիր համարող «Երկիր մեդիան» նույնպես չի լուսաբանում: Կամ թե` Դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքը. ինչո՞ւ միայն Հանրապետության հրապարակում: Ինչո՞ւ այլ տեղերում չարեցին: Եթե նրանք անկեղծ էին, կարող էին մեկ կետի փոխարեն ստորագրահավաք անել 30 կետում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք կազմակերպական նման հնարավորություն ունեն: Եվ այդ դեպքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի սեղանին կլիներ ոչ թե 50 հազար, այլ մեկ միլիոն ստորագրություն, որի հետ նա, որքան էլ ուզենար, չէր կարող հաշվի չնստել»:

Մեկնաբանելով Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանին մի խումբ պատգամավորների դիմելու պատմությունը` Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ին երեկ ասել է. - «Մենք լսել ենք նամակը ստորագրած մեր կուսակիցների պարզաբանումներն ու հիմնավորումները։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ պատգամավորը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են անցանկալի քաղաքական հնչեղություն ստանալ։ Սա է պատճառը, որ ՀՀԿ խորհուրդը դատապարտել է նշված նամակը ստորագրած հանրապետական պատգամավորներին։ Ըստ էության, տեղի ունեցածը քաղաքական միտումնավոր պրովոկացիայի հետեւանք է»։

«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երեկ ոստիկանության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ ասված էր, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության երկու աշխատակից մայիս ամսին այցելել են հասարակական սննդի օբյեկտներ եւ առանց հանձնարարականի ստուգումներ իրականացրել, որի ժամանակ մի օբյեկտից վերցրել են 100 դոլար եւ 12 հազար դրամ, մյուսից` 30 հազար դրամ: Այս` դարիս հանցագործությունը շուրջ յոթ ամիս քննել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, ապա դեկտեմբերի 10-ին փոխանցել ոստիկանությանը: Այն մի քանի ամիս էլ հավանաբար կքննի ոստիկանությունը եւ գործը կուղարկի դատարան: Այս երկու խեղճուկրակ տեսուչներին կդատեն, ապա մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կներկայացնեն որպես խոշոր ձեռքբերում: Ոչ ոք չի հետաքրքրվի, թե ինչու են վանաձորցի երկու ծառայողներ այդ փոքրիկ գումարները վերցրել եւ վտանգել իրենց կյանքը: Չէ որ եթե անգամ նրանց մեծ «սռոկ» չտան, ապա «հանցագործներն» անպայման կզրկվեն աշխատատեղից, կվարկաբեկվեն, կդառնան քաղաքում ասելիք: Այդ ի՞նչն է ստիպել պետական աշխատանք, հարգանք-պատիվ ունեցող մարդկանց մի 60-70 հազար դրամի համար գնալ նման հանցագործության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG