Մատչելիության հղումներ

Մահվան եւս երկու դեպք` գրիպի կասկածանքով


«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռուստամյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ կա կասկածելի եւս երկու մահվան դեպք, սակայն փորձաքննությամբ պատճառը դեռեւս հստակ պարզված չէ։

«Երկու մահ էլ կա, որոնք լաբորատոր ընթացքի մեջ են: Պատասխանները պետք է լինեն, որից հետո կարող ենք ասել», - նշեց Ռուստամյանը, - «Մեկը 60 տարեկան էր, իսկ մյուսը համեմատաբար երիտասարդ էր»:

Ըստ պաշտոնապես հաղորդվող տեղեկությունների, այսօրվա դրությամբ «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 86-ի: Վերջին օրերին հաստատված դեպքերի թիվն ավելացել է 32-ով: Պաշտոնապես հաստատվում է H1N1-ից մահվան միայն 2 դեպք. 28 տարեկան տղամարդու եւ 16 շաբաթական հղի կնոջ, որոնց մոտ երկկողմանի թոքաբորբ էր հայտնաբերվել։ Երկուսն էլ տեղի են ունեցել վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը մահվան դեպքերի հետ կապված բնակչության շրջանում առաջացած տագնապը «անտեղի» է համարում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ասոյանը հայտարարեց, որ խոզի գրիպով հիվանդացության դեպքերը 95 տոկոսով անցնում են շատ թեթեւ:

«Շատ մարդիկ նույնիսկ տնային պայմաններում մի քանի օրում լիմոնով թեյ են խմում, ավանդական միջոցների են դիմում եւ առողջանում, չեն էլ իմանում, որ հիվանդացել են H1N1-ով», - ասաց Ասոյանը;

Նույն կարծիքին էր նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռուստամյանը, ով կարծիք հայտնեց, որ «խոզի գրիպը» սովորական գրիպից ավելի վտանգավոր չէ:

Առողջապահության նախարարության տվյալներով, նոյեմբեր ամսին մահվան 3 դեպք արձանագրվել է սեզոնային Ա տիպի գրիպից: Նախարարության մասնագետները վստահեցնում են, որ այս դեպքերը կապ չեն ունեցել H1 N1 վիրուսի հետ:

Առողջապահության նախարարության Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբնության բաժնի ավագ մասնագետ Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ այս տարվա նոյեմբեր ամսին սուր շնչառական հիվանդացությունների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4 անգամ, սակայն վերջին օրերին հիվանդացությունները նվազման միտում ունեն:

«Խոզի գրիպի» առաջին դեպքը Հայաաստանում գրանցվել է նոյեմբերի սկզբին, ինչի հետ կապված Հայաստանի իշխանությունները դիմել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` խնդրելով «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութ հատկացնել: Հաջորդ ամիս սպասվում է պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներկրումը Հայաստան:

Հայաստանի գլխավոր վարակաբանը, սակայն, գտնում է, որ շտապողականություն դրսեւորելու կարիք չկա:

«Թող գա այդ պատվաստանյութը, հասնի Հայաստան, տեսնենք ինչ է, կորոշենք: Պատվաստանյութի վերաբերյալ շատ բեւեռացված է մոտեցումը տարբեր երկրներում: Մի մասը գտնում են, որ պետք է անել, մի մասը կտրուկ դեմ են», - նշեց Արա Ասոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG