Մատչելիության հղումներ

Կալանավորված Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը կիրականացվի նրա ներկայացուցիչների միջոցով


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը արդեն ձեւավորել է իր նախընտրական շտաբները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը։

Մաթեւոսյանի փոխանցմամբ, այս պահին ձեւավորվել է 7 ենթաշտաբ, որոնք հիմնականում տեղակայվել են Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունների գրասենյակներում։ Ընտրական բոլոր 34 տեղամասերում Նիկոլ Փաշինյանը ունենալու է ներկայացուցիչներ, ովքեր նախընտրական փուլում իրականացնելու են անազատության մեջ գտնվող թեկնածուի քարոզչությունը, իսկ հունվարի 10-ին պայքարելու են ընտրակեղծիքների դեմ։

Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արամազդ Ղալամքարյանը, ով Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պարբերաբար հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե` «փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները երբեք չեն հրաժարվում ընտրակեղծիքներից»։

«Իհարկե, շատ լավ կլիներ, որ պետությունն էլ օրինական դաշտ մտներ, ապահովեր արդար ընտրություններ, հավասար հնարավորություններ, բայց այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին պատգամավորի թեկնածուի վկայական տալու հաջորդ պահին գոնե կփոխեին խափանման միջոցը, ինչը չարվեց։ Այսինքն որեւէ հիմք՝ մտածել, որ այս անգամ լավ է լինելու, մենք չունենք, եւ չենք էլ ուզում դրա մասին մտածել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արամազդ Ղալամքարյանը։

Հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարելու են Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Այսօր հրավիրած ասուլիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ շտաբներ չի բացելու եւ քարոզչություն չի իրականացնելու, քանի որ ժողովուրդը իրեն «շատ լավ է ճանաչում» եւ հետո՝ ֆինանսական հնարավորություն չունի։ Այդուհանդերձ, Դավիթ Հակոբյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, թեեւ նման առաջարկներ ստանում է։

«Արաքսի պղտոր ջրերը կանգ կառնեն ավելի շուտ, քան Հակոբյանը կհրաժարվի այդ մանդատից», - հայտարարեց Հակոբյանը։

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության մյուս թեկնածուներից Հմայակ Հովհաննիսյանը ավելի վաղ խոստացել է իր թեկնածությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը հանել հօգուտ Փաշինյանի։

«Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ արդեն ձեւավորել է իր 6 ենթաշտաբները եւ սկսել է բակերում հանդիպումներ ունենալ ընտրողների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG