Մատչելիության հղումներ

ՍԴ-ում «Ա1+»-ի հայցի քննությունը հետաձգվեց մինչեւ փետրվարի 23-ը


Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը, կողմերի համաձայնությամբ, «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության հայցի քննությունը հետաձգեց մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 23-ը:

Անցած տարվա հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ Հայաստանի իշխանությունները խախտել են «Ա1+»-ի ազատ արտահայտվելու իրավունքը, քանի որ հեռուստահեռարձակման արտոնագրի համար 7 մրցույթները անցկացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներով: Եվրոպական դատարանը վճռել էր, որ խախտված իրավունքների վերականգնման լավագույն միջոցը գործի վերաբացումն է եւ նախկին դատական որոշումների վերանայումը:

Այդ նպատակով այս տարվա փետրվարին «Ա1+»-ը դիմել էր Վճռաբեկ դատարան` պահանջելով ճանաչել իր իրավունքների խախտման փաստը` այն, ինչ արել էր Եվրոպական դատարանը, անվավեր համարել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վիճահարույց որոշումները եւ անցկացնել նոր մրցույթ:

Վճռաբեկ դատարանը գործը ընդունել էր վարույթ, քննել եւ այնուհետեւ մերժել ընդունել ընկերության ներկայացրած հայցը: Վճռաբեկ դատարանի նման որոշումից հետո «Ա1+»-ը սեպտեմբերին դիմել էր Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի նիստը «Մելտեքս» ընկերության հայցով նշանակված էր երեքշաբթի առավոտյան, սակայն հետաձգվեց շուրջ երկու ամսով:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG