Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում կայացավ Armenian Music Awards-2009-ը


Armenian Music Awards-2009-ի պատվավոր հյուրն էր Շառլ Ազնավուրը
Armenian Music Awards-2009-ի պատվավոր հյուրն էր Շառլ Ազնավուրը

Լոս Անջելեսի՝ ավելի քան 7 հազար հանդիսականի համար նախատեսված «Նոկիա» թատրոնի դահլիճում կիրակի երեկոյան կայացել է Armenian Music Awards-2009-ը՝ Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց համերգի գլխավոր կազմակերպիչներից ARTN հեռուստաընկերության լրատվական բաժնի պատասխանատու Սյուզաննա Մակարյանը, մրցանակաբաշխությունը մեկնարկել է ավանդական կարմիր գորգով եւ տեւել ավելի քան 5 ժամ:

Տարվա երգչուհի է ճանաչվել Սիլվա Հակոբյանը, տարվա երգիչ՝ Արմենչիկը, «Տարվա զուգերգ» անվանակարգում մրցանակին արժանացել են Արամեն եւ Նունե Եսայանը՝ «Երկուսով» տեսահոլովակի համար, տարվա ռեժիսոր է ճանաչվել Ժորա Մելոյանը, իսկ տարվա օպերատոր՝ Գեւորգ Ճուղուրյանը:

«Ամեն ինչ` համարյա ամերիկյան ստանդարտներին համապատասխան, գեղեցիկ շոու էին պատրաստել: 20 լավագույն տեսահոլովակներին գնահատականներ տրվեցին, եւ եղավ, բնականաբար, ամենասպասված հյուրերի գնահատում», - ասաց Սյուզաննա Մակարյանը:

Մրցանակաբաշխության պատվավոր հյուրերի շարքում էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում տրվել է մրցանակ կյանքում ունեցած մեծ նվաճումների եւ համաշխարհային երաժշտարվեստում ունեցած ներդրումների համար: Մրցանակը Ազնավուրին են հանձնել ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը եւ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը. վերջինս նաեւ կատարմամբ է հանդես եկել:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաեւ հայր եւ որդի Թանկյանները, որոնց վերջերս համատեղ ձայնագրած «Բարի արագիլ» կատարումը բավական բարձր վարկանիշ ունի համացանցում: Հայտնի System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հոր՝ Խաչատուր Թանկյանի հետ մրցանակաբաշխության ժամանակ կատարել է «Թռչեի մտքով տուն» երգը:

Միացյալ Նահանգներում անցկացվող հայկական երաժշտական մրցանակաբաշխության բացառիկ հյուրերի շարքում էր նաեւ ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Իրինա Ալեգրովան, ում եւս մրցանակ է շնորհվել: Նա հանդիսականին զարմացրել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռան հեղինակած «Հայաստան» երգի կատարմամբ, որը, Սյուզաննա Մակարյանի վկայությամբ, «բնականաբար, ցնցեց բոլորին, որովհետեւ ինքը հպարտությամբ նշեց, որ հայ է, եւ միշտ իր հողը, հայրենիքը կանչում է իրեն»:

Նախապես հայտարարվել, բայց մրցանակաբաշխությանը չեն մասնակցել Արտո Թունջբոյաջյանը, Հայկոն եւ Հարություն Փամբուկչյանը:

Պրոդյուսերներ Սեւակ Պետրոսյանն ու Արթուր Կոկոզյանը այս տարի, փաստորեն, որոշել են համատեղել ԱՄՆ-ում անցկացվող երկու հայկական մրցանակաբաշխությունները` տասներորդ անգամ անցկացվող Armenian Music Awards-ը եւ երրորդ անգամ անցկացվող M Club Music Video Awards-ը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG