Մատչելիության հղումներ

Թուրքիայի Սահմանադրական դատարանի վճիռը քրդերի ընդվզման նոր պատճառ է դարձել


Թուրքիայում կասեցված «Դեմոկրատական հանրության կուսակցության» առաջնորդ Ահմեդ Թյուրք
Թուրքիայում կասեցված «Դեմոկրատական հանրության կուսակցության» առաջնորդ Ահմեդ Թյուրք

Թուրքիայի ոստիկանության եւ թուրքաբնակ քրդերի միջեւ բախումներ են սկիզբ առել, երբ հրապարակվել է Սահմանադրական դատարանի վճիռը երկրում օրինական կարգով գործող միակ քրդամետ կուսակցության գործունեությունը արգելելու վերաբերյալ:

Վճիռը ուրբաթ երեկոյան հրապարակել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քիլիչը` մասնավորապես, հայտարարելով. - «Դեմոկրատական հանրության կուսակցության» գործունեությունը կասեցվում է Թուրքիայի Սահմանադրության, ինչպես նաեւ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածների համաձայն: Ապացուցվել է, որ կուսակցության գործողությունները, քաղաքական այդ ուժի ներկայացուցիչների արած հայտարությունները կուսակցությունը վերածել են երկրի ամբողջականության դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների կենտրոնի»:

Վճռի հրապարակումից մի քանի ժամ անց արդեն երկրի քրդաբնակ շրջաններում բախումներ են սկսվել տեղացի երիտասարդների եւ ոստիկանական ուժերի միջեւ:

Շաբաթ օրը քրդաբնակ Հաքյարի քաղաքում ցուցարարները փորձել են Լինչի դատաստանի ենթարկել երկու թուրք ոստիկանների, որոնց հնարավոր է եղել փրկել միայն «Դեմոկրատական հանրության կուսակցության» տեղացի ակտիվիստների միջամտության շնորհիվ:

Հանգստյան օրերին բախումները տարածվել են ամբողջ երկրով մեկ: Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասում բախումներ են տեղի ունեցել տեղաբնակ քրդերի եւ թուրքական ազգայնական կուսակցությունների կողմնակիցների միջեւ: Ըստ թուրքական մի շարք պարբերականների` Ստամբուլի կենտրոնում ազգայնականները քրդերի դեմ նույնիսկ հրազեն են կիրառել:

Մեկնաբանելով Սահմանադրական դատարանի վճիռը` կասեցված «Դեմոկրատական հասարակություն կուսակցության» արդեն նախկին ղեկավար Ահմեդ Թյուրքը հայտարարել է. - «Սա ոչ թե իրավական, այլ քաղաքական վճիռ էր: Նրանք, ովքեր խաղաղության են ձգտում, դատավորների թեթեւ ձեռքով ահաբեկիչ են հռչակվել: Իրականում սա ծանր հարված էր բոլոր նրանց համար, ովքեր անկեղծորեն հավատում էին, որ Թուրքիայում հնարավոր է խաղաղության հասնել»:

Ահմեդ Թյուրքը մեկն է ազգությամբ քուրդ 37 քաղաքական գործիչներից, որոնց Սահմանադրական դատարանի որոշմամբ առաջիկա 5 տարիներին արգելվել է քաղաքական գործունեությամբ զբաղվել:

Կասեցված կուսակցության ղեկավարները ժամանել են Դիարբեքիր` հետագա անելիքները քննարկելու նպատակով:

«Դեմոկրատական հանրության կուսակցության» 21 պատգամավորներից 19-ը, որոնք դատարանի վճռով իրավունք են ստացել շարունակել քաղաքական գործունեությունը որպես անկախ պատգամավորներ, արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են հրաժարվել թուրքական խորհրդարանի մանդատներից:

«Ինչպե՞ս կարող ենք շարունակել աշխատել մի խորհրդարանում, որի անդամների զգալի մասը ողջունել է կուսակցության կասեցման որոշումը», - Hurriyet-ին տված հարցազրույցում ընդգծել է քուրդ պատգամավորներից Գյուլթեն Քիշանաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG