«Մենք արդեն բազմաթիվ հայտեր ու առաջարկներ ենք ստացել՝ լուրջ բողոքի միջոցառումներ կազմակերպել Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման նախորդող օրերին, եւ բնական է, որ մենք անկախ որեւէ մեկից դա անելու էինք, բայց տեսնելով, որ նաեւ ժողովրդային ալիք է նորից բարձրանում, հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ օրերին Հայաստանում հանգիստ չի լինելու», - երկուշաբթի հրավիրած ասուլիսում հայտարարեց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Դաշնակցության կազմակերպած միջոցառումները, եւ, մասնավորապես, կազմակերպած ստորագրահավաքն ու ինտերնետային քվեարկության արդյունքները, ըստ Հովհաննիսյանի, ցույց են տալիս, որ հասարակությունը դեմ է այդ արձանագրություններին եւ չի կիսում իշխանության տեսակետը, թե դրանցում որեւէ նախապայման չկա։
Արձանագրությունները տապալելու նպատակով Դաշնակցությունը համագործակցության առաջարկ է անելու քաղաքական բոլոր ուժերին, սակայն «իրենց շարժումը հեգնանքով «հայ դատականություն» անվանող ուժը` Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցության միջոցառումներում անելիք չունի»:
«Ինչու հատուկ հրավեր ուղղել մարդկանց, որոնք կուրորեն ատելով իշխանությանը, այս հատուկ հարցում միայն իշխանությունների հետ համակարծիք են», - ասաց Վահան Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արած հայտարարությանը, թե օրենսդրական լրացումներ են պատրաստվում արձանագրությունները չեղյալ հայտարարելու համար, Վահան հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ կարելի է ողջունել, եթե «անկախ արտաքին ճնշումներից, նախագահը որոշել է պինդ կանգնել Հայաստանի շահերը պաշտպանելիս»: Իսկ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք` Վահան Հովհաննիսյանը մատնանշեց Թուրքիայի վարչապետի օրինակին հետեւելու տարբերակը:
«Նախագահը պետք է ասի, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, եւ գործադիր իշխանությունը չի կարող ազդել պառլամենտի քվերակության վրա, իսկ պառլամետի ազատ քվեարկության դեպքում, ես վստահ եմ, արձանագրությունները չեն վավերացվի», - նշեց Վահան Հովհաննիսյանը:
Դաշնակցության խմբակցության ղեկավարի կարծիքով, այն հանգամանքը, որ հունվարի 12-ին նախորդող օրերը տոնական են, չի խանգարելու հասարակությանը իր բողոքի ձայնը բարձրացնելու հարցում։