Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը արժանացել է Հիլարի Քլինթոնի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակին


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում»:

«Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար` պետքարտուղար Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը` որպես Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, խթանելու եւ պաշտպանելու հարցում», - ասված է հաղորդագրությունում: - «Պետքարտուղար Քլինթոնը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի եւ նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունությունը` ուղղված 2008 թվականի փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, եւ դեսպանի ջանքերը` ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ»:

Մրցանակի շնորհման մասին հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության կողմից կատարվել է դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից, թե լրատվամիջոցներից», - հայտարարել է, մասնավորապես, Մարի Յովանովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG