Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Մեր միավորումը Սերժ Սարգսյանի հետ՝ ուժեղների միավորում է»


Հայաստան -- «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը Երեւանում, 12-ը դեկտեմբերի, 2009թ.
Հայաստան -- «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը Երեւանում, 12-ը դեկտեմբերի, 2009թ.

Շաբաթ օրը Երեւանի Մարզահամերգային համալիրում կայացած «Օրինաց երկիր» կուսակցության 9-րդ համագումարում Արթուր Բաղդասարյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահ:

Ամբողջ կազմով ու նույնպես միաձայն վերընտրվեց նաեւ կուսակցության քաղխորհուրդը, որի մեջ են ՕԵԿ-ական բոլոր նախարարները եւ Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը։ Համագումարի որոշմամբ` քաղխորհուրդը ընդլայնվեց եւս երկու անդամով` դառնալով 14 հոգանոց:

Սակայն կուսակցության նախագահի ու քաղխորհրդի ընտրությունը մոտ երեք ժամ տեւած համագումարի վերջում էր, իսկ մինչ այդ հնչեցին բազմաթիվ ելույթներ, որոնց շարքը բացեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշելով, թե ՕԵԿ-ն այսօր Հայաստանում իր հաստատուն տեղն ու դերն ունեցող քաղաքական ուժ է, որն իր ժողովրդականությունն ապացուցել է բոլոր վերջին համապետական ընտրություններում, նախագահ Սարգսյանը գոհունակություն հայտնեց «այն սերտ ու արդյունավետ համագործակցության» վերաբերյալ, որ ձեւավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության հետ:


«Ի դեմս «Օրինաց երկրի» ` գործ ունենք վստահելի գործընկերոջ հետ: Միասին մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու, քանզի այդ գործակցությունը հիմնված է փոխադարձաբար ընդունելի գաղափարների ու սկզբունքների վրա, որոնք միտված են համակողմանիորեն առաջ տանելու մեր երկիրը», - ասաց երկրի նախագահը։

Կարծես թե արձագանքելով «Օրինաց երկրի» հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերին` իր ելույթում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. - «Մենք այսուհետ եւս լինելու ենք կանխատեսելի ե՛ւ մեր հանրության համար, ե՛ւ մեր քաղաքական գործընկերների»։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը նաեւ անդրադարձավ իշխող կոալիցիային միանալու իրենց որոշմանը՝ ասելով. - «Անցած տարի նախագահական ընտրություններից հետո, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը իր քաղաքական թիմով որոշում կայացրեց մաս կազմելու քաղաքական կոալիցիային, դժվարին եւ ծանր իրավիճակ էր, բայց դժվարին իրավիճակները թույլերին բաժանում են, ուժեղներին՝ միավորում»։

«Մեր միավորումը Սերժ Սարգսյանի հետ՝ ուժեղների միավորում է», - եզրակացրեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG