Մատչելիության հղումներ

Ալբերտ Ազարյան. «Ախր ինչո՞ւ պետք է ես վարկաբեկեմ մեր ղեկավարին»


Հայաստան -- Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյան, 11-ը դեկտեմբերի, 2009թ.
Հայաստան -- Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյան, 11-ը դեկտեմբերի, 2009թ.

Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը ուրբաթ օրը հրավիրված ասուլիսում արդարանում էր YouTube վիդեոկայքում տեղադրված եւ համացանցի հայկական հատվածում, ինչպես նաեւ մամուլում լայն արձագանք գտած մի տեսանյութի համար, որտեղ ինքը խիստ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։

Ընդամենը 58 վայրկյան տեւողությամբ այդ վիդեոդրվագը, որը YouTube կայքում է տեղադրվել դեկտեմբերի 7-ին, արդեն դիտել են ավելի քան 28 հազար անգամ։ Այն ցույց է տալիս Սերժ Սարգսյանի ընտրարշավի «Առաջ Հայաստան» նշանաբանը պատկերող պաստառի ֆոնին կատարվող նկարահանումներ, որտեղ նախագահի օգտին ելույթներով հանդես են գալիս Ալբերտ Ազարյանը եւ հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը՝ երկուսն էլ իրենց խոսքը եզրափակելով անվայելուչ արտահայտություններով, առաջինը Սերժ Սարգսյանի, երկրորդը՝ Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ արդեն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի հասցեին։

Հայաստան -- Կադր YouTube կայքում տեղադրված տեսանյութից, որտեղ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը խոսում է նախագահ Սերժ Սարգսյանի մասին, Երեւան, 2009թ.
Իր վրդովմունքն արտահայտելով տեսանյութի հրապարակման առթիվ՝ օլիմպիական չեմպիոնը պատմեց. - «Ես նայեցի ինտերնետով։ Ես ելույթ եմ ունենում այնտեղ, ասում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա մեր նախագահը, մեր դրությունը շատ կլավանա... ու մեկ էլ գլուխս թափ եմ տալիս, չգիտեմ... ախր ինչպե՞ս կարող է ես այդպիսի բան անեմ, ախր դա հնարավոր բան չէ... եթե ես դա ասել եմ, ուրեմն պետք է ասեի 2 տարի առաջ, թող ցույց տային 2 տարի առաջ»։

Ալբերտ Ազարյանը գտնում է, որ տեսանյութը համացանցում տեղադրելով՝ ինչ-որ մեկը ցանկանում է վարկաբեկել իրեն. - «Ազնվությամբ եմ ասում, ես այնքան վատ վիճակի մեջ եմ հիմա։ Անգամ Ամերիկայից են զանգահարում, ասում այդ մասին։ Բայց ես զարմանում եմ, ախր ինչո՞ւ պետք է ես վարկաբեկեմ մեր ղեկավարին»։

Օլիմպիական չեմպիոնն ասում է, թե չի հիշում` ով է զանգահարել իրեն եւ որտեղ է իրականացվել հոլովակի նկարահանումը։

«Խոսելու ժամանակ մենակ ե՞ս եմ եղել այնտեղ։ Չէ՞ որ նա նկարում է, նա խոսեցնում է, ես դրանց մոտ ինչպե՞ս կարող էի այդ տեսակ հայհոյանք տալ։ Մոնտաժված է 100 տոկոսով», - հայտարարեց Ազարյանը՝ շեշտելով, թե այդ հարցով զբաղվող կա, տեսանյութը համացանցում տեղադրողին գտնելու եւ պատժելու են, վստահեցրեց օլիմպիական չեմպիոնը։

Նախագահականից չեն զանգել եւ չեն անհանգստացրել, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Ալբերտ Ազարյանը։

Տեսանյութը վիդեոկայքում տեղադրող օգտագործողը, ով YouTube կայքում գրանցվել է որպես Անգոլայի 13-ամյա քաղաքացի, խնամքով թաքցնելով իր ինքնությունը, հիշյալ տեսանյութի տակ թողած իր մեկնաբանություններում «երկար կյանք» է մաղթում Ալբերտ Ազարյանին եւ ներկայացնում է իր դիրքորոշումը՝ «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այսպիսի բաներ հնարավոր չէին» եւ «Քոչարյանը ստիպված գալու է, անպայման պիտի գա ու կգա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG