Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը կրկին կապում է արձանագրությունների վավերացումը Ղարաբաղի հետ


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան
«Եթե Ղարաբաղի խնդրում մենք դրական զարգացման ականատեսը չդառնանք, ապա ես չեմ կարծում, որ թուրքական խորհրդարանում [հայ - թուրքական] արձանագրությունների վավերացման առումով որեւէ արդյունքի հնարավոր լինի հասնել», - չորեքշաբթի երեկոյան ամերիկյան «Բլումբերգ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Քվեարկությունը մեր խորհրդարանում գաղտնի է, բայց չեմ կարծում, որ առանց որեւէ առաջընթացի դրական զարգացումներ լինեն այս հարցում», - նշել է Թուրքիայի վարչապետը:

Ամերիկացի հայտնի հեռուստալրագրող Չարլի Ռոուզին տված մոտ մեկ ժամանոց այս հարցազրույցի զգալի մասը նվիրված էր հայ - թուրքական հարաբերություններին:

«Թուրքիան էր, որ նախաձեռնեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ինչ է մեզ անհրաժեշտ այս գործընթացի հետագա զարգացման համար` հարկավոր է առաջ շարժվել եւ լուծել Ղարաբաղի հարցը», - հայտարարել է Էրդողանը:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Թուրքիայի վարչապետը հերթական անգամ բնութագրել է որպես «օկուպացիա»` նշելով. - «Երբ այս հարցը լուծվի, տարածաշրջանը կվերածվի խաղաղության գոտու: Երբ լուծվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները, կվերանա ատելության մթնոլորտը: Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք պետք է կատարվեն: Այդ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները կգտնեն իրենց լուծումը, ես հավատացած եմ դրանում»:

Չարլի Ռոուզը անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը` Էրդողանին ուղղելով հետեւյալ հարցը. - «Է՞լ ինչ ապացույցներ են ձեզ անհրաժեշտ` ընդունելու համար, որ կատարվածը ցեղասպանություն էր»:

Ի պատասխան, Թուրքիայի վարչապետը մեկ անգամ եւս բարձրաձայնել է պաշտոնական Անկարայի տեսակետը` ասելով. - «Դուք խոսում եք ցեղասպանության մասին, ես ցավով եմ լսում ձեր այս պնդումները, քանի որ ցեղասպանությունը կատարյալ սուտ է: Ես կոչ եմ արել ապացուցել ցեղասպանության իրողությունը: 2005 թվականին ես նամակ հղեցի Հայաստանի այն ժամանակվա նախագահ Քոչարյանին` ասելով, որ սա այն հարցը չէ, որով պետք է քաղաքական գործիչները զբաղվեն. սա հարց է, որ պետք է թողնել պատմաբանների դատին»:

«Մենք բացել ենք մեր արխիվները: Թեմային վերաբերող բոլոր փաստաթղթերն այնտեղ են: Նշեմ, որ այս խնդրին առնչություն ունեցող փաստաթղթերի ընդհանուր թիվը մեր արխիվներում ավելի քան մեկ միլիոն է: Այժմ մենք բացել ենք նաեւ ռազմական արխիվները: Ես հայկական կողմին եւս կոչ եմ արել բացել արխիվները` թույլ տալով երրորդ պետությունների ներկայացուցիչներին ծանոթանալ այնտեղ գտնվող փաստաթղթերին: Սա այն հարցը չէ, որ պետք է լուծվի լոբբիստական աշխատանքի միջոցով, երբ գնում ես քաղաքական գործիչների մոտ եւ խնդրում, որ նրանք այս կամ այն որոշումը կայացնեն», - հավելել է Էրդողանը:

Միաժամանակ, նա չի ժխտել, որ երկուշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը:

«Այո, մենք նախագահ Օբամայի հետ քննարկել ենք այս հարցը: Քննարկման ամենակարեւոր թեմաներից մեկը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանն ուղղված վերջին գործընթացներն էին. հենց այս համատեքստում էլ մենք քննարկել ենք խնդիրները», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG