Մատչելիության հղումներ

Կոնգրեսի երկու պալատները համաձայնել են Հայաստանին հատկացնել 41, Ղարաբաղին` 8 միլիոն դոլարի օգնություն


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը չորեքշաբթի օրը համաձայնության են եկել 2010 թվականի արտաքին օգնության օրինագծի շուրջ, որով առաջարկվում է Հայաստանի համար` 41 միլիոն դոլարի օգնություն, եւս 8 միլիոն դոլար` Լեռնային Ղարաբաղում «ծրագրերի եւ գործունեության» համար:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` Կոնգրեսի երկու պալատների նախագծերի համաձայնեցման հանձնաժողովի որոշմամբ նաեւ պահպանվել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:

Սպիտակ տունը մայիսին ներկայացրած բյուջեի նախագծով առաջարկել էր շուրջ 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը եւ ընթացիկ տարվա 48 միլիոնի փոխարեն 2010 թվականին հատկացնել 30 միլիոն դոլար:

Վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին հատկացնել 4 միլիոն դոլարի, Հայաստանին` 3 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, իսկ ռազմական ուսուցման եւ վարժանքների համար Հայաստանին տրամադրել Ադրբեջանին հատկացվելիք 900 հազար դոլարի ուղիղ կեսը, մինչդեռ երկու երկրներին հավասարաչափ ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել դեռ 2001 թվականին:

Բացի այդ, վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղի համար օգնություն չէր առաջարկվում:

Հուլիսին Ներկայացուցիչների պալատի հավանությանը արժանացած օրինագծով, սակայն, նախատեսվում էր 2010 թվականին 48 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 10 միլիոն դոլարի օգնություն` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության հավասարակշռությունը` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ եւս 450-ական հազար դոլար` ռազմական ուսուցման եւ վարժանքների համար:

Նույն ամսին Սենատի ընդունած օրինագծում Հայաստանի համար սահմանված էր 30 միլիոն դոլարի օգնություն, իսկ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը դրանում հիշատակված չէր:

Համաձայնեցման հանձնաժողովի չորեքշաբթի օրվա զեկույցում ընդգրկված է նաեւ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններով մտահոգ օրենսդիրների առաջարկած ձեւակերպումը, որով Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին կոչ է արվում «ձեռնպահ մնալ բռնության սպառնալիքներից եւ հրահրիչ հռետորությունից»: Հանձնաժողովը իր զեկույցում ակնկալում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղման գործողությունը սառեցնելուց առաջ կշարունակի հետեւել, որպեսզի Ադրբեջանին հատկացվող օգնությունը չվտանգի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ չօգտագործվի Հայաստանի դեմ. թիվ 907 ուղղմամբ Ադրբեջանին ամերիկյան օժանդակություն տրամադրելու պայման է համարվում այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը, սակայն 2002 թվականին Կոնգրեսը երկրի նախագահին օժտել է այդ դրույթը սառեցնելու լիազորությամբ, ինչից հետո ամեն տարի նախագահը կիրառել է այդ իրավունքը:

Վերոհիշյալ փոփոխությունները հնարավոր են դարձել հայամետ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների ջանքերի շնորհիվ, ինչի համար Հայ դատի գրասենյակը երախտագիտություն է հայտնել նրանց:

Համաձայնեցման հանձնաժողովի ընդունած նախագիծը նորից քվեարկության է դրվելու Կոնգրեսի երկու պալատներում եւ հավանության արժանանալուց հետո ներկայացվելու է նախագահ Բարաք Օբամայի վավերացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG