Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը ընտրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 4 անդամներին


Ազգային ժողովը չորեքշաբթի փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հայաստանի տարածքում մասնավոր հեռարձակող լրատվամիջոցները կարգավորող մարմնի` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներից 4-ին:

2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովը հնարավորություն է ստացել ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամների կեսին: Անդամների մյուս կեսին նշանակում է հանրապետության նախագահը: Մինչեւ հիշյալ սահմանադրական փոփոխությունները եւ դրանցից բխող օրենսդրական ակտերի փոփոխությունների ընդունումը, ՀՌԱՀ-ի բոլոր անդամներին նշանակում էր երկրի նախագահը` այդպիսով հնարավորություն ստանալով միանձյնա վերահսկել մասնավոր հեռուստառադիոընկերությունների արտոնագրման (լիցենզավորման) գործընթացը: Փորձագետների համոզմամբ, հենց այս հանգամանքը ժամանակին իշխանություններին հնարավորություն տվեց եթերազրկել «Ա1+» անկախ հեռուստատեսությանը:

Բարեփոխված Սահմանադրության 83.2 կետի համաձայն ՀՌԱՀ-ի անդամների մի մասի նշանակման իրավունքը տրվում է Ազգային ժողովին` հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով:

Խորհրդարանականների փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով , Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը, Ազգային միաբանություն կուսակցության անդամ Կորյուն Առաքելյանը, Ռոբերտ Քոչարյանի օրոք նախագահի աշխատակազմում իբրեւ տնտեսագետ աշխատած Արամ Մելքոնյանը եւ Արմեն Մկրտչյանը, որը հանրությանը հայտնի է Հայաստանից առաջին դիմումը Եվրոպական դատարանին հասցեագրելու շնորհիվ:

Մինչ ՀՌԱՀ-ի անդամների ընտրությունը հնչեցրած իր ելույթում Ազգային ժողովում մեծամասնություն կազմող իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, որի ղեկավարած հանձնաժողովը, մասնավորապես, զբաղվում է ռադիոյի եւ հեռուստատեսության խնդիրներով, վստահություն հայտնեց, որ ներկայացված թեկնածուները` «ամենաարժանավորներն են»:

Հակառակ տեսակետն արտահայտեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը. - «Տպավորությունն այնպիսին է, որ ոչ բոլոր թեկնածուներն են բավարարում օրենքի առաջադրած պահանջներին»:

Ընդդիմադիր պատգամավորը ափսոսանք հայտնեց, որ հանձնաժողովի անդամ դառնալու համար չեն դիմել հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում հայտնի դեմքեր ու մասնագետներ: Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, դա պայմանավորված է ՀՌԱՀ-ում անկախ մասնագիտական գործունեություն ծավալելու վերաբերյալ հասարակության մեջ առկա անվստահությամբ:
XS
SM
MD
LG