Մատչելիության հղումներ

Երեւանի Մատենադարանը 50 տարեկան է


Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում չորեքշաբթի երեկոյան նշվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանը:

Մատենադարանի շենքը կառուցվել է 1957 թվականին, որից երկու տարի անց էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ֆոնդերի հիմքի վրա իր գիտահետազոտական աշխատանքներն է սկսել Մատենադարանը ` առաջին տնօրենի Լեւոն Խաչիկյանի հմուտ ղեկավարությամբ:

«Նա մասնագետների մի ամբողջ դպրոց հիմնեց իր աշխատանքային 24 տարիների ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Մատենադարանի ներկայիս տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:

Լեւոն Խաչիկյանի գործը 1982 թվականից մինչեւ 2006 թվականը` շուրջ քառորդ դար, շարունակեց մեկ այլ անվանի հայագետ` Սեն Արեւշատյանը:

Այս տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարվել Մատենադարանում պահվող ավելի քան 17 հազար ձեռագրերի ուսումնասիրության եւ պահպանման համար` հարյուրամյակների պատմություն ունեցող ձեռագրերի, որոնցից 12 հազարը հայերեն մատյաններ են, իսկ շուրջ 6 հազարը` օտար լեզուներով, որոնք բոլորը միասին մեծ նշանակություն ունեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող ամենատարբեր գիտնականների համար: Եվ հենց այդ է պատճառը, որ Մատենադարանը մի գիտական օջախ է, որտեղ տարին բոլոր աշխատում են ոչ միայն հայագետները, այլեւ տարբեր երկրներից ժամանող գիտնականներ, ասում է Հրաչյա Թամրազյանը եւ շեշտում. - «Մատենադարանը իր պարունակած այդ հոգեւոր տեղեկատվությամբ, այդ հսկա ձգողական դաշտով անհնար է լիակատար ուսումնասիրել, որովհետեւ ամեն սերունդ յուրովի է իմաստավորում, վերաիմաստավորում մեր անցյալ հոգեւոր ժառանգությունը` անընդհատ, հարափոփոխ դա մի ընթացք է: Գումարած դրան` որ դեռ ուսումնասիրված չեն մեր ձեռագրերում եղած բազմաթիվ բնագրեր»:

Այդ ամենի համար, ըստ Մատենադարանի տնօրենի, «լիակատար հիմք կլինի 33 հատորով տպագրվելիք մայր ցուցակը, որտեղ մանրակրկիտ գիտական նկարագրության են ենթարկվում բոլոր բնագրերը, ձեռագրերը»:

Վերջին տարիներին Մատենադարանի աշխատակազմը թարմացվել է երիտասարդ գիտական աշխատակիցներով: «Մեզ հաջողվեց լուծել սերնդափոխության լուրջ խնդիրը պետության տրամադրած միջոցներով», - նշեց Մատենադարանի տնօրենը` շեշտելով, որ ներկայումս շուրջ 170 աշխատակից ունեն, իսկ առաջիկա տարիներին մոտ երեք անգամ կավելանա նրանց թիվը` Մատենադարանի նոր ձեռագրապահոցի գործելուն պես:

Արդեն մոտ երկու տարի է` սկսվել է նաեւ Մատենադարանի գիտական պահուստների նոր, հսկայական շենքի կառուցումը, որն ավելի քան երեք անգամ մեծ է Մատենադարանի ներկայիս շենքից, հագեցված է լինելու նորագույն սարքավորումներով, որոնցով հնարավոր է դառնալու լավագույնս պահպանել Մատենադարանի հարստությունը: Այս շենքի շինարարությունը կատարվում է մոսկովաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով։ Նոր շինության ճարտարապետն է հայտնի երաժիշտ Արթուր Մեսչյանը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է եւ որի համար էլ այս տարին հոբելյանական է. բոլորովին վերջերս բոլորեց նրա ծննդյան 60-ամյակը:

Իսկ Մատենադարանի ներկայիս շենքը վերածվելու է մի հսկայական թանգարան-ցուցասրահի, որտեղ հնարավոր կլինի շատ ավելի մեծ քանակությամբ ցուցադրանմուշներ ներկայացնել, քան մինչեւ այժմ ցուցադրվում է:

Իր գոյության 50 տարիների ընթացքում Մատենադարանի գիտաշխատողները հարյուրավոր գիտական ժողովածուներ ու մենագրություններ են հրատարակել, եւ ինչպես շեշտում է Մատենադարանի տնօրենը` «հոգսերը շատ-շատ են, բայց մի ընդհանուր մտահոգություն կա` մեր ձեռագրերն են, որ Մատենադարանից դուրս են, որ իսկապես պանդուխտների պես շրջում են աշխարհում եւ սպասում են իրենց տունդարձին»

«Դրանք անգին ձեռագրեր են, դրանց մեջ կան բացառիկ նմուշներ: Մենք փնտրում ենք մեր բարեգործներին, դիմում ենք մեր պոտենցիալ բարեգործներին` մեզ օգնեն այդ հարցում` ձեռք բերելու այդ բացառիկ ձեռագրերը, որոնք հարյուրավոր են», - ասաց Հրաչյա Թամրազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG