Մատչելիության հղումներ

Աշխարհում այսօր բանտարկված են 136 լրագրողներ


Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն
Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Լրագրողների պաշտպանության կոմիտեի` երեքշաբթի օրը տարածած զեկույցը հայտնում է, որ աշխարհի տարբեր երկրներում այսօրվա դրությամբ բանտարկված են 136 լրագրողներ ու ֆոտոթղթակիցներ: Նշվում է, որ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բանտարկված լրագրողների թիվը 11-ով ավելացել է:

Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներից զեկույցում նշված է Ադրբեջանը, որտեղ 6 լրագրող է բանտարկված:

ԱՊՀ-ի երկրներից Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ռուսաստանում ընդհանուր առմամբ 15 բանտարկված լրագրող կա:

Աշխարհի 26 երկրում լրագրողներ կան բանտարկված: Այդ երկրների ցանկի առաջին տեղերում են Չինաստանը, Իրանը, Կուբան, Էրիթրեան ու Մյանման:

Այս տարի Իրանի իշխանությունները ավելացրեցին բանտարկված լրագրողների թիվը` բանտարկելով 23 լրագրողի, նշված է հաղորդագրությունում:

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` բանտարկվածների 45 տոկոսը կամ առնվազն 60-ը արտահաստիքային լրագրողներ են: Վերջին երեք տարվա տվյալները ցույց են տալիս, որ արտահաստիքային լրագրողների ձերբակալություններն ու բանտարկությունները կրկնապատկվել են: Լրագրողների պաշտպանության կոմիտեն նշում է, որ արտահաստիքային լրագրողները ավելի խոցելի են, քանի որ նրանք հաճախ չեն ստանում իրավաբանական ու ֆինանսական օգնություն, ինչը լրատվամիջոցները տրամադրում են հաստիքային աշխատակիցներին։

Վերջին տասը տարվա ուսումնասիրությունը, տվյալների համադրումը ցույց է տալիս, որ շարունակում է աճել օնլայն աշխատող լրագրողներին, բլոգերներին հետապնդելու, կալանավորելու դեպքերի թիվը։ Այսօրվա դրությամբ, բանտարկված լրագրողների ուղիղ կեսը բլոգերներ են, ինտերնետային կայքերի խմբագիրներ ու թղթակիցներ։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը ասել է, թե աստիճանաբար պատմություն են դառնում այն օրերը, երբ լրագրողը վտանգավոր գործուղման էր մեկնում` իմանալով, որ տվյալ լրատվամիջոցը կանգնած է իր մեջքին։ Ճակատում աշխատող լրագողները այսօր ավելի շատ անկախ են գործում։ «Օնլայն լրագրությունը դռներ է բացել լրագրողների նոր սերնդի համար, բայց դա նաեւ նրանց խոցելի է դարձրել», - ընդգծել է կազմակերպության ղեկավարը։

Զեկույցում նշվում է, որ պաշտոնական մեղադրանքներից, դատարանների վճիռներից բացի, առնվազն 20 լրագրողներ պահվում են գաղտնի վայրերում, հատկապես` Էրիթրեայում, որի կառավարությունը չի հաստատում, որ կալանավորված լրագրողները ողջ են։ Չհաստատված լուրերով` Էրիթրեայում բանտարկված լրագրողներից 3-ը, հնարավոր է, մահացել են։

Չինաստանում լրագրողների բանտարկությունների դեպքերը վերջին տարիներին նվազել են, բայց դեռեւս 24 բանտարկված լրագրող կա, որոնցից 22-ը արտահաստիքային լրագրողներ են։ Չինաստանը առաջին տեղում է լրագրողներ բանտարկած երկրների ցանկում։ Իրանում բանտարկված է 23, Կուբայում` 22, Էրիթրեայում` 19 լրագրող։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն համոզված է, որ լրագրողները չպետք է բանտարկվեն իրենց մասնագիտական գործունեության համար։ Կազմակերպությունը նամակներ է հղել լրագրողներ բանտարկած երկրներին` հայտնելով իր խորը մտահոգությունը։
XS
SM
MD
LG