Մատչելիության հղումներ

Մինչեւ գարուն ոստիկանները վարորդներին նոր անակնկալներ չեն մատուցի


Հայաստան -- ճանապարհային ոստիկանները տուգանում են կարգազանց վարորդի
Հայաստան -- ճանապարհային ոստիկանները տուգանում են կարգազանց վարորդի

Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը վստահեցնում է, որ ճանապարհային ոստիկանության տեսուչի համար նշանակություն չունի՝ խախտում կատարած վարորդը շարքային քաղաքացի է, թե ինչ-որ պաշտոնյա։

Թեեւ ճանապարհային ոստիկանության պետը գերադասում է անուններ չնշել, սակայն ասում է, որ որոշ պաշտոնյաներ նեղանում են, երբ նրանց, կամ նրանց որդիների կատարած խախտումներն արձանագրվում են։

«Այդպիսի գեներալ ու օլիգարխ չի մնացել այս երկրում, որի մեքենան մտած չլինի տուգանային, եթե խախտել է։ Տուգանվել են՝ թողել ենք։ Սկզբից նեղացել են, ոստիկանության պետին են բողոքել, թե այս ինչ եք անում, աշխարհը չոփով չի ծածկած։ Հետո մի քանի օր հետո նորից նույնը շարունակել ենք՝ իրենք իրենց երեխայի վրա են խոսել», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը պատմեց գնդապետ Օհանյանը։

Ճանապարհային ոստիկանության պետը նաեւ հավաստիացրեց, որ մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը վարորդներին նոր անակնկալներ չեն սպասվում՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե ամրագոտիներից հետո ճանապարհային ոստիկանները սկսելու են արձանագրություններ կազմել նաեւ մգացված ապակիների համար։ Գնդապետը սակայն, չմանրամասնեց, թե ինչ կլինի մարտից հետ։

Անդրադառնալով նախատեսված քանակից ավելի ուղեւորներ տեղափոխող ուղեւորատար մեքենաների խնդրին՝ Մարգար Օհանյանը խոստովանեց, որ իրենք այսօր աչք են փակում գերբեռնված երթուղայինների վրա։

«Դեռ դրա ժամանակը ճանապարհային ոստիկանության համար չի եկել հասել», - նշեց ճանապարհային ոստիկանության պետը՝ պարզաբանելով, թե ոստիկանությունը կսկսի արձանագրություններ կազմել՝ «երբ որ մրցույթը մյուս տարի կլինի, մի քանի գծեր էլ ավելանան, մի քիչ տրասնպորտային միջոցը թարմանա, երբ որ քաղաքացին չմնա կանգառներում»։

Մինչեւ հաջորդ սեպտեմբեր Երեւանում կտեղադրվեն արագությունը չափող սարքեր, որոնց միջոցով կբացառվի վարորդի եւ տեսուչի շփումը։ Տեսախցիկներ տեղադրելու հարցը առայժմ չի քննարկվում, քանի որ դրանց ձեռքբերումը կապված է խոշոր գումարների հետ, տեղեկացնում է ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG