Մատչելիության հղումներ

Հայաստանում «խոզի գրիպի» հաստատված դեպքերի թիվը ավելացել է 7-ով


Դեկտեմբերի 7-ի դրությամբ, Հայաստանում A(H1N1) գրիպի դեպքերի թիվն ավելացել է 7-ով եւ այժմ պաշտոնապես 35 դեպք է հաստատվել, տեղեկացնում է առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: 7 նոր հիվանդների վիճակը գնահատվում է ոչ ծանր:

«Այդ 7-ի մոտ էլ, որոնք հաստատվել են, ծանր հիվանդներ չկան` միջին ծանրության են, եւ նրանք ներկայումս բուժվում են: Համաճարակի առումով, գիտեք, որ ամբողջ աշխարհում դեռ մնում է լարված, ինչպես նաեւ մեր հարակից երկրներում: Այսօր ինչ է կատարվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում` արդեն ունենք 35 հաստատված դեպքեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վանյանը` հավելելով. - «Իհարկե, դա դեռեւս չի խոսում այն մասին, որ պետք է խուճապ լինի, եւ ասել, որ Հայաստանում էպիդեմիա է, սակայն մենք որոշակի բարձրացում ունենք սուր շնչառական վիրուսային հիվանդությունների»:

Միաժամանակ, հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը ընդգծեց, որ «ոչ միայն այս տարի` ամեն տարի էլ գրիպը, հատկապես այս ժամանակաշրջանում, սեզոնային գրիպը, բարձրացում է նկատվել»:

Հայաստանում վարակը առավել արագ տարածվում է նախակրթական ու հանրակրթական հաստատություններում, այդ իսկ պատճառով կրթության եւ գիտության նախարարության հրահանգով դպրոցներն ու մանկապարտեզները դեկտեմբերի 8-19-ը չեն գործելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG