Մատչելիության հղումներ

Կարգապահական տույժեր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանոնակարգի խախտումներով լուսանկարահանման կապակցությամբ


Ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը: Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի հրամաններով, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի եւ կրտսեր մասնագետի նկատմամբ: Ինչպես նախկինում հաղորդվել է, հիմնարկի պետը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել է:

Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը պարզաբանման կարգով հայտնում է նաեւ, որ «կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» Ներքին կանոնակարգի 186-188-րդ կետերի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին` վերջիններիս համաձայնությամբ եւ հիմնարկի պետի թույլտվությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին»:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննության առիթ էր դարձել «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի լուսանկարը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկվածներ Դերենիկ Բեջանյանի ու Էդիկ Գրիգորյանի, ինչպես նաեւ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունու հետ, որը նոյեմբերի վերջին հրապարակվել էր հայաստանյան մամուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG