Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Մեղադրանքի կողմը ներկայացրել է մոնտաժված տեսանյութեր»


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատավարության դեկտեմբերի 3-ի նիստին ցուցադրվեցին գործին կցված տեսանյութեր, որոնք Փաշինյանը «մոնտաժված ֆիլմ» անվանեց։

«Մեղադրանքի կողմը ներկայացրել է մոնտաժված տեսանյութեր», - հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը` նշելով, որ տեսանյութերի վրա ոչ ամսաթիվ կա, ոչ էլ ժամ։

«Միեւնույն նախադասությունը բաժանել են 4 տարբեր մասերի եւ փորձել ներկայացնել որպես 4 տարբեր իրադարձություններ ուղեկցող», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանական կողմի պնդմամբ, տեսանյութերն այնպես են մոնտաժվել, որ հնարավոր չէ համադրել գործում առկա վկայությունները իրեղեն ապացույց ճանաչված տեսանյութերի հետ։

2007 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանի նկատմամբ բռնությւոն գործադրելու մեղադրանքի առիթ հանդիսացած միջադեպի տեսանյութը դիտելուց հետո Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, թե ակնհայտ է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն իրականացնողները երթի մասնակիցները չեն, ինչպես որ պնդում է մեղադրող կողմը, ընդհակառակը` նրանց նկատմամաբ է բռնություն գործադրվել։ Մեկ այլ տեսանյութում պատկերված են ոստիկանների վահանները խլելու կադրեր։

«Այդ երեւույթը ինքնապաշտպանության դրսեւորում է», - հայտարարեց Լուսինե Սահակյանը. - «Երեւում է, որ հարձակում է գործում ոստիկանությունը՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ընդ որում, նույնիսկ ձեռնափայտով անձի նկատմամբ են նրանք բռնություն գործադրում»։

Այսպես, բոլոր տեսանյութերի ցուցադրությունից հետո պաշտպանական կողմը հայտարարությամբ էր հանդես գալիս։ Մեղադրող Կորյուն Փիլոյանը դժգոհեց եւ ներկայացրեց իր եզրակացությունը. - «Մի քիչ անհասկանալի է, թե ի՞նչ ենք անում։ Դնում ենք տեսաերիզը, վերարտադրում ենք, հետո Սահակյան Լուսինեն նենգափոխված ձեւով, հարգելի դատարան, ձեզ պատմում է, թե դուք ինչ տեսաք»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում Նիկոլ Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը վստահեցրեց, որ դատավարության հետագա փուլերում պաշտպանական կողմը ներկայացնելու է այլ տեսանյութեր. - «Որոնք ամբողջացնում են այս տեսանյութերը, ինչ որ մենք այսօր ենք դիտում։ Այսինքն, մեծ մասը, որ կտրտված է, մենք ներկայացնելու ենք դրա ամբողջական պատկերը եւ ցույց ենք տալու, թե մեղադրանքի կողմը հենց ինչ դիտավորությամբ է կտրտել այդ տեսանյութերը եւ մասնատված ներկայացրել»։

Դատավարությունը կշարունակվի վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG