Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն վճռելու է Թիերի Անրիի խնդիրը


Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության լոգոն
Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության լոգոն

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն չորեքշաբթի օրը Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում գումարելու է արտահերթ նիստ, որում ի շարս այլ հարցերի կքննարկի նաեւ իսպանական «Բարսելոնա»-ի եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի գերաստղ Թիերի Անրիին պատժելու հնարավորությունը։

Անրին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում նոյեմբերի 18-ին կայացած Ֆրանսիա - Իռլանդիա որակավորման պատասխան խաղի լրացուցիչ ժամանակի 103-րդ րոպեին տասնյակ հազարավոր հանդիսականների եւ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ ձեռքով երկու անգամ ուղղեց գնդակի ընթացքը եւ այն փոխանցեց խաղընկերոջը` Վիլյամ Գալասին, ով հաշիվը դարձրեց 1:1 եւ երկու հանդիպումների արդունքով ապահովեց տանտերերի հաղթանակը։ Շվեդ մրցավար Մարտին Հանսոնը չնկատեց աղաղակող խախտումը, ինչի հետեւանքով իռլանդացիները զրկվեցին հաջորդ տարի Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությունից։

Ինքը Թիերի Անրին ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ խոստովանել, որ ձեռքով է խաղացել, սակայն դա, իբր, ոչ թե միտումնավոր, այլ պատահական, բնազդային շարժում է եղել։ Նա ասել է նույնիսկ, թե այնքան է ընկճված, որ կարող է ընդհանրապես հեռանալ ֆուտբոլից, ու պնդել է, թե, այնուամենայնիվ, խախտումը նկատելը մրցավարի առաքելությունն է։

Անրին ասել է, որ լավագույն եւ ամենաարդար լուծումը կլիներ` չեղյալ հայտարարել հաշիվն ու անցկացնել լրացուցիչ հանդիպում, սակայն ՖԻՖԱ-ն միանշանակ եւ կտրուկ արձագանքել է, որ մրցավարների սխալները երբեւէ չեն դիտվում բավարար պատճառ նոր խաղ անցկացնելու համար։

ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլաթերը վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ ֆուտբոլիստները շատ հաճախ են խախտում կանոնները, ինչի դեմ հարկ է պայքարել, բայցեւ հավելել է. - «Կրկին խաղալու հնարավորություն չկա։ Ֆուտբոլի օրեքները 124 տարվա պատմություն ունեն։ Այդ ընթացքում մրցավարի որոշումները միշտ համարվել են վերջնական»։

Իռլանդացիները նույնիսկ առաջարկել էին այսպիսի տարբերակ` «ոչ մի բողոք չենք ներկայացնում, բայց մեզ տվեք լրացուցիչ 33-րդ տեղը աշխարհի առաջնությունում»։ Բլաթերը դա էլ է համարել անընդունելի գաղափար։

Մարզական մեկնաբանները նշում են, որ հայտնի չէ, թե ի՞նչ պատիժ կսահմանվի Թիերի Անրիի համար, գուցե շատ խիստ` հաշվի առելով արարքի ծանր հետեւանքը, գուցե` խորհրդանշական` հաշվի առնելով Անրիի մեծ ներդրումն արդի ֆուտբոլում, հայտնի է սակայն, որ Քեյփթաունում կքննարկվի հանդիպումներում լրացուցիչ մրցավարներ ներգրավելու տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG