Մատչելիության հղումներ

Կորյուն Նահապետյանը «չի ողջունում» առանց մրցակցության ընտրությունը


Թիվ 8 ընտրատարածքում (Երեւան) մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում միակ թեկնածու Կորյուն Նահապետյանը չի ողջունում նման ընտրությունը, որտեղ ինքը միակ թեկնածուն է եւ մրցապայքար չկա:

«Չեմ ողջունում նման կարգի ընտրություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց նա: - «Կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա: Պետությունը նույնպես պետք է խթանի, որպեսզի ընտրությունները անցնեն մրցակցության եւ այլընտրանքի սկզբունքների հիման վրա, ինչը պահանջվում է օրենքով»:

Բացի Նահապետյանից, այստեղ առաջադրվել էին եւս երկու թեկնածու՝ այս ընտրատարածքի նախկին պատգամավոր, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված, ապա համաներմամբ ազատ արձակված Հակոբ Հակոբյանն ու Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Վերջիններս, սակայն, չներկայացրեցին գրանցման համար պահանջվող փաստաթղթերը՝ այդպիսով դուրս գալով ընտրապայքարից:

Հակոբ Հակոբյանը որեւէ մեկնաբանությամբ հանդես չեկավ:

Լուրեր են շրջանառվում, թե Կորյուն Նահապետյանը այս համայնքում մեծ ազդեցություն ունեցող խոշոր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամն է, եւ քանի որ Ալեքսանյանի հետ բարեկամական կապեր ունի նաեւ Հակոբյանը, վերջինս խուսափել է «հետագա խնդիրներից»:

Կորյուն Նահապետյանը հաստատեց, որ ինքը բարեկամական հարաբերություններ ունի Ալեքսանյանի հետ, սակայն չցանկացավ որեւէ կապ տեսնել այդ հանգամանքի եւ Հակոբ Հակոբյանի ինքնաբացարկի միջեւ:

«Սամվել Ալեքսանյանը իմ բարեկամն է, մանկություն մենք անցկացրել ենք նույն բակում, մեծացել ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքում», - ասաց նա՝ շարունակելով. - «Այդ իմաստով, բնական է, որ Սամվել Ալեքսանյանը աջակցում է ինձ՝ որպես բարեկամի: Բայց, կարծում եմ, այս դեպքում ոչ այնքան բարեկամ լինելու հանգամանքն է դեր խաղում, որքան իմ անցած ուղին եւ իմ փորձառությունը, որը գնահատվում է իմ բարեկամի կողմից»:

Անկուսակցական Կորյուն Նահապետյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Քվեարկությունն այս ընտրատարածքում նշանակված է դեկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG