Մատչելիության հղումներ

Ղազախստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին


Ղազախստանը, 2010 թվականին ստանձնելով ԵԱՀԿ-ի նախագահությունը, ակտիվորեն կմասնակցի Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Ղազախստանի արտգործնախարար Կանաթ Սաուդաբաեւը:

«Ընդ որում, մենք ելնում ենք նրանից, որ երկխոսության զարգացումը եւ խորացումը հակամարտությունների լուծման շրջանակներում տեսանելի արդյունքների հասնելու միակ հիմքն են», - նշել է նա:

Սաուդաբաեւի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միշտ եղել է ԵԱՀԿ-ի, մասնավորապես` Մինսկի խմբի ուշադրության կենտրոնում: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Ղազախստանը մտադիր է ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի տարածքում հակամարտությունների կարգավորման ուղիների որոնման գործընթացում:

«Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք հակամարտային գոտիներում ստեղծված դրությունը, եւ հենվելով ԵԱՀԿ-ի մարմինների եւ անդամ երկրների հետ խորհրդակցությունների վրա` Ղազախստանը մտադիր է իր ներդրումն ունենալ դրանց կարգավորման որոնման գործընթացում», - վստահեցրել է Ղազախստանի արտգործնախարարը: - «Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափերի պահպանմանը, հակամարտությունների կանխարգելման գործում ԵԱՀԿ-ի դերի բարձրացմանը եւ հետհակամարտային իրավիճակների կարգավորմանը խստիվ միջազգային իրավունքի եւ կազմակերպության հիմնարար սկզբունքների շրջանակներում»:

Ղազախստանը ԱՊՀ-ի առաջին երկիրն է, որ նախագահելու է ԵԱՀԿ-ում: Կազմակերպության նախագահությունը Ղազախստանին է անցնելու Հունաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG