Մատչելիության հղումներ

«Ժառանգության» երիտասարդներին անհանգստացնում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը


Նոյեմբերի 27-ին «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական ուսանողական միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը միությունը ընդունել էր նախորդ օրը հրավիրված հրատապ նիստի ժամանակ: Երիտասարդները հայտարարության մեջ դատապարտում են Ադրբեջանի ղեկավարության` իրենց բնորոշմամբ «անմեղսունակ» ռազմատենչ հայտարարությունները:

Նոր պատերազմը կանխելու համար «Ժառանգության» երիտասարդները Հայաստանի ղեկավարությանը կոչ են անում ձեռնարկել համարժեք արտակարգ գործողություններ: Մասնավորապես առաջարկում են վերանայել 2010 թվականի ՀՀ բյուջեի նախագիծը եւ առնվազն վերականգնել ՀՀ ռազմական ծախսերի 2009 թվականի մակարդակը, ինչպես նաեւ շեշտակի ավելացնել ԼՂՀ-ին հատկացվելիք միջպետական վարկի ծավալները:

Երիտասարդները նաեւ կոչ են անում նաեւ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդներին համախմբվել եւ անհրաժեշտության դեպքում զենքով պայքարել Արցախի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք պատմեցին, որ այս հարցը քննարկել են շատ հայ երիտասարդների հետ եւ վստահ են, որ պատերազմի դեպքում երիտասարդները պատրաստ են պայքարել հայրենիքի համար:

«Ժառանգության» «Հայք» երիտասարդական միության ներկայացուցիչները ասացին, որ առաջիկայում հանդիպելու են ՀՀ կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններին` քննարկելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
XS
SM
MD
LG