Մատչելիության հղումներ

ՀԲ. «Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը»


Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը
please wait

No media source currently available

0:00 0:06:03 0:00


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի կարծիքով, Հայաստանը, որի տնտեսությունն այս տարի մոտ 18 տոկոսի անկում է արձանագրել, դասեր քաղում է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից, եւ հիմնական դասն այն է, որ կայուն տնտեսական աճի ապահովման եւ աղքատության հաղթահարման համար տնտեսությունը չպետք է ապավինի ընդամենը մեկ ճյուղի զարգացմանը։

«Երբ տնտեսության եկամուտների 30 տոկոսը ստացվում է 1 ճյուղից` շինարարությունից, իսկ արտահանման ծավալների 40 տոկոսը հանքարդյունաբերությունն է, տնտեսությունը վտանգված է։ Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում արձանագրված աճին, պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը։ Դա մեխանիկորեն չի արվում եւ պահանջում է բիզնես միջավայրի բարելավում ու լրջագույն ներդրումներ տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ որակյալ աշխատուժ», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը։

Անցած տարեվերջին Հայաստանն ուներ 1,5 միլիարդ դոլարի արտաքին պետական պարտք։ Ակնկալվում է, որ 2009 թվականի վերջին պետական պարտքը կհասնի 3 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ տարվա ավարտին՝ 3,5 միլիարդի, եւ կկազմի Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 50 տոկոսը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է այս իրավիճակը վտանգավոր Հայաստանի տնտեսության համար, Արիստոմենե Վարուդակիսը պատասխանեց. - «Գոյություն չունի կախարդական կամ ունիվերսալ ցուցանիշ` 50 կամ 60 տոկոս։ Ցանկացած երկրի համար կան արտաքին պարտքի թույլատրելիությունը պայմանավորող մի շարք գործոններ։ Նախ, դա երկրի տնտեսական աճի տեմպերն են, որոնք հնարավորություն կտան հարկային եկամուտներ հավաքագրելով մարել արտաքին պարտքը։ Հաջորդ գործոնը՝ տնտեսության դիվերսիֆիկացիան եւ մրցունակությունն է, եւ անկասկած` հարկային վարչարարության արդյունավետությունը»։

Այս տարի Հայաստանին տրամադրված միջազգային փոխառությունների զգալի մասը միջնաժամկետ է, եւ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը իր գագաթնակետին է հասնելու 2013 թվականին։ Ուստի, նշում է Արիստոմենե Վարուդակիսը, եթե պետությանը հաջողվի վերականգնել տնտեսության աճի նախկին տեմպերը, եթե աճը կազմի գոնե 7-8 տոկոս, ապա հնարավոր կլինի սպասարկել ՀՆԱ-ի 50 տոկոսը կազմող պետական պարտքը։

«Իհարկե, կարծում ենք, որ պետական պարտքի մակարդակը չպետք է գերազանցի ներկա ցուցանիշը, քանի դեռ չի հզորացվել հարկային վարչարարությունը։ Շատ կարեւոր է նաեւ չմարած պարտքի կառավարման խնդիրը, որպեսզի առաջիկա տարիներին չստեղծվի իրավիճակ, երբ պետության եկամուտների մի ստվար մասը ուղղվելու է պետական պարտքի մարմանը», - կարծիք հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը։

Այս տարվա հունիսին Համաշխարհային բանկը հաստատեց Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության` շուրջ 700 միլիոն դոլարի քառամյա ծրագիրը։ Հաջորդ տարի իրականացվելու է ծրագրի միջնաժամկետ ուսումնասիրությունը` պարզելու ինչ փուլում են գտնվում եւ որոնք են հետագա տարիների համար կարիքները։ Արիստոմենե Վարուդակիսը այս կապակցությամբ նշեց, որ թեեւ իրենք ակնկալում են Հայաստանի տնտեսության աճ, սակայն չի բացառվում, որ Համաշխարհային բանկը որոշի նաեւ ավելացնել Հայաստանին տրամադրվող վարկային օժանդակությունը։

Այս տարվա ընթացքում Համաշխարհային բանկը մի քանի անգամ վերանայեց Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները՝ ամեն անգամ դեպի վատթարացում։ Մեկնաբանելով տնտեսական անկման պատճառները, Արիստոմենե Վարուդակիսը, մասնավորապես, ասաց. - «Տնտեսության անկումը սպասվածից շատ ավելի խորն էր եւ 18 տոկոս կազմեց, ինչը պայմանավորված էր նաեւ Ռուսաստանի վրա ճգնաժամի մեծ ազդեցությամբ, որտեղից ստացվում է տրանսֆերտների առյուծի բաժինը։ Իհարկե, անկման վրա իր ազդեցությունն ունեցավ նաեւ շինարարության ծավալների 60 տոկոս նվազումը։ Անշարժ գույքի շուկայի «գերտաքացումը» այն չհիմնավորված փուչիկն էր, որը հետո պայթեց»։

Վարուդակիսի գնահատմամբ, Հայաստանը այժմ հասել է անկման վերջնակետին եւ Համաշխարհային բանկը աշխուժացման միտումներ է տեսնում առանձին ոլորտներում։ Մասնավորապես, Վարուդակիսի խոսքով, երկրի արտահանման ծավալների համար շատ կարեւոր է այն հանգամանքը, որ պղնձի գները գրեթե հասել են նախաճգնաժամային մակարդակի՝ 6 հազար 5 հարյուր դոլարի՝ մեկ տոննայի դիմաց։ Բացի այդ, ըստ նրա, դրամի արժեզրկումը օգնել է, որպեսզի հայաստանյան ընկերությունները ավելի մրցունակ դիրք գրավեն միջազգային շուկայում։

Որոշակի կայունացման նշաններ կան նաեւ անշարժ գույքի շուկայում, թեեւ շինարարական ոլորտի վերականգման, անավարտ բնակարանների սպառման համար որոշակի ժամանակ կպահանջվի։

«Մենք հաջորդ տարի համեստ աճ ենք կանխատեսում՝ 1 – 1.5 տոկոս։ 2011-12 թվականներին աճը կամրապնդվի, բայց դանդաղ եւ աստիճանական գործընթաց կլինի։ Հաջորդ տարվա պետբյուջեի հիմքում ընկած կանխատեսումը՝ 1.2 տոկոս տնտեսական աճ, մեր կարծիքով բավական զգուշավոր է», - եզրափակեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG