Մատչելիության հղումներ

Ամերիկան նշում է Գոհաբանության օրը


Նյու Յորքում նշվում է Գոհաբանության օրը, 27 նոյեմբերի, 2009
Նյու Յորքում նշվում է Գոհաբանության օրը, 27 նոյեմբերի, 2009

Այսօր նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթին է` Գոհաբանության օրը, որը պետական տոն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։ Ճիշտ է, Ամերիկայի հյուսիսային հարեւանն այս տոնի համար ընտրել է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին։

Ավանդույթը հարյուրամյակների պատմություն ունի։ 1620 թվականին անգլիացի նորաբնակների մի խումբ «Մեյֆլաուեր» նավով հասել է մի տարածք, որ այժմ Մասաչուսեթս նահանգն է։ Նորաբնակները նոյեմբերյան այդ ցուրտ շրջանում հիմնել են Փլիմության գաղութը։ Խստաշունչ ձմռան ամիսներին նորաբնակների կեսից ավելին մահացել է ցրտահարությունից, սովից, համաճարակներից։ Ովքեր վերապրել են, կլիմայի առումով այդ անբարենպաստ տարածքում տեղաբնակ հնդկացիների օգնությամբ սկսել են հող մշակել։ Առաջին բերքը, ի զարմանս բոլորի, առատ էր։ Ըստ լեգենդի, նորաբնակների առաջին նահանգապետ Ուիլյամ Բրեդֆորդն առաջարկել է շնորհակալություն հայտնել Աստծուն` ցրտաշունչ ձմռանը դիմանալու, բերք ստանալու համար։ 1621 թվականի առաջին խնջույքին մասնակցել են նորաբնակներին օգնության ձեռք մեկնած հնդկացիները։

Անկախություն հռչակած Ամերիկայի առաջին նախագահը` Ջորջ Վաշինգթոնն առաջարկել է ամեն տարի նոյեմբերի 26-ին նշել Գոհաբանության օրը։

1864 թվականին նախագահ Աբրահամ Լինքոլնի կարգադրությամբ տոնակատարության համար ընտրվել է յուրաքանչուր տարվա վերջին հինգշաբթին։

Այս տոնը համարվում է ընտանեկան. ամերիկացիները հավաքվում են իրենց տներում, անպայման պատրաստում են տապակած հնդկահավ, դդումի կարկանդակ եւ ավանդական համեղ այլ ուտեստներ, խոշոր քաղաքներում տեղի են ունենում տոնահանդեսներ։ Ամերիկացիները մասնակցում են բարեգործական միջոցառումներին։

Գոհաբանության օրը նշում են նաեւ ամերիկահայերը։ Սովորաբար, հենց Գոհաբանության օրն էլ կազմակերպվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG