Մատչելիության հղումներ

«Մի զրկեք մեզ կրթաթոշակից» պահանջում են երիտասարդ դաշնակցականները


Նոյեմբերի 25-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալան» ուսանողական միության անդամները ճարտարապետաշինարարական համալսարանից բողոքի երթով շարժվեցին դեպի ԵՊՀ, այնուհետեւ կառավարության շենք: «Մի զրկեք մեզ կրթաթոշակից», «Աջակցել այլ ոչ թե զրկել» եւ այլ վանկարկումներով երթի մասնակիցները հորդորում էին ուսանողներին միանալ իրենց ակցիային եւ պահանջել ԿԳ նախարարից հրաժարվել ուսանողին կրթաթոշակից զրկելու գաղափարից:

Մի քանի օր առաջ, սակայն, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Մաքսլիբերթի»-ի զրույցում բացատրեց, որ ուսանողները կրթաթոշակից չեն զրկվելու, այլ կրթաթոշակի համար հատկացված գումարներն ուղղվելու են ուսանողական վարկային ծրագրի ֆոնդ: Երթի մասնակիցները, սակայն, դեմ էին հենց այդ վարկային համակարգի ներդրման գաղափարին:

«Էս երկրում մի վարկային քաղաքականություն եղել է, որ սովորական քաղաքացին կարողանա օգտվի վարկից: Որտեղի՞ց գիտեք, որ էդ նույն վարկային քաղաքականությունից նորից ապահովվածը չի ստանալու վարկ: Այսինքն դա շատ դժվար է վերահսկելը», - նշեց ուսանողներից մեկը:

«Նիկոլ Աղբալան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանն ասաց, որ իրենք դիմել են ճարտարագիտական, տնտեսագիտական եւ ագրարային համալսարանների ուսանողական խորհուրդների ղեկավարներին` իրենց ակցիային միանալու համար եւ ստացել են բացասական պատասխան: Ներկայանալ չցանկացած երթի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորատն ուսանողներին արգելել է ակցիային մասնակցել:

Ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Կաչապետ Թոռչյանը հերքեց ակցիայի կազմակերպիչների խոսքը, թե ակցիային մասնակցելու համար իրենց որեւէ մեկը դիմել է. - «Համապատասխան կազմակերպության կողմից որեւիցե դիմում չի եղել, անգամ բանավոր մոտեցում չի եղել: Պաստառի վրա կարդում եմ` «Մի զրկեք մեզ կրթաթոշակից»: Ես ինքս լավ հետեւում եմ իրադարձություններին ու չեմ կարծում, որ ինչ-որ մեկին ինչ-որ բանից զրկել են: Այ երբ ինքս կտեսնեմ, որ դա էդպես չի, այդ ժամանակ առաջին ընդդիմախոսը ես կլինեմ եւ հազար անգամ ավելի բարձր մակարդակի ակցիաներ ինքս կկազմակերպեմ, ոչ թե սա», - նշեց նա:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը նույնպես ասաց, որ իրենց որեւէ մեկը չի դիմել:

Ուսանողները նշում են, որ թեպետ հատկացվող կրթաթոշակներն իրականում փոքր գումար են կազմում, այդուհանդերձ այն հարկավոր է ուսանողին: Կրթաթոշակ ստացող ուսանողները դեմ չեն ուսանողների համար վարկային համակարգի ներդրմանը, բայց ոչ իրենց կրթաթոշակների հաշվին:

Վերջում ուսանողները կառավարության շենքում, ներկայացուցիչներից մեկին փոխանցեցին վարչապետին ուղղված իրենց նամակը` Արմեն Աշոտյանի նախագիծը վերանայելու եւ կրթաթոշակների հաշվին վարկային ֆոնդ չստեղծելու խնդրանքով:
XS
SM
MD
LG