Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի բացառում իր միանալը Արեւելյան գործընկերությանը


Ռուսաստանը չի բացառում իր միանալը Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Անշուշտ, մենք կուսումնասիրենք Արեւելյան գործընկերության շրջանակներում այս կամ այն նախագծերին մեր միանալու առաջարկները», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` բելառուս պաշտոնակից Սերգեյ Մարտինովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը` հավելելով. - «Մենք չենք կարող մեզ համար բացառել դա»:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մինչդեռ, երկու օր առաջ բելառուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել էր Արեւելյան գործընկերության ծրագիրը` մասնավորապես, ասելով. - «Ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում Արեւելյան գործընկերության ծրագրում: Որեւէ օգտակար բան նույնպես չեմ գտնում: Ես չեմ տեսնում նաեւ մեր երկրի դեմ արվող ինչ-որ բան, սակայն եթե քննարկվեն հակառուսական թեմաներ` դա ինձ դուր չի գա»:

Արեւելյան գործընկերության ծրագրում, որի մեկնարկը Եվրամիությունը տվել է այս տարվա մայիսին Պրահայում կայացած գագաթնաժողովում, ընդգրկված են նախկին խորհրդային 6 երկրներ` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG