Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանում կատարվում է հայ-թուրքական արձանագրությունների նախնական քննություն


Սահմանադրական դատարանում այժմ կատարվում է հայ-թուրքական արձանագրությունների նախնական ուսումնասիրություն, որի ընթացքում պետք է պարզվի, թե արդյո՞ք առկա են գործը քննության ընդունելու հիմքեր, թե ոչ:

Այս ուսումնասիրության արդյուքները զեկուցող դատավորը՝ տվալ դեպքում Վլադիմիր Հովհաննիսյանը, 15-օրյա ժամկետում այն ներկայացնելու է Սահմանադրական դատարանի նախագահին, վերջինս էլ 10-օրյա ժամկետում պետք է հրավիրի աշխատակարգային նիստ, որտեղ կորոշվի գործը քննության ընդունելու հարցը, ինչպես նաեւ գործի դատաքննությունը սկսելու օրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը, դատարանը առավելագույնը 3-ամսյա ժամկետում պետք է որոշի, թե արդյո՞ք արաձանագրություններում ամրագրված պարտավորությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, թե ոչ:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության ղեկավար անդամները բազմիցս ընդծել են, թե Հայաստանը չի ակտիվացնելու արձանագրությունները վավերացնելու գործընթացը, մինչեւ որ Թուրքիան առաջինը չվավավերացնի դրանք: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը երկուշաբթի վերահաստատեց կուսակցության այդ դիրքորոշումը՝ հայտարարելով, թե իրենց մոտեցումը չի փոխվել եւ երբեք էլ չի փոխվելու. - «Հայաստանը կվավերացնի արձանագրությունները, երբ Թուրքիայի խորհրդարանն առաջինը դրանք վավերացնի»:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, սակայն, Հանրապետականի ղեկավար անդամների ասածների եւ վարքագծի միջեւ հակասություն կա:

«Եթե Հայաստանը միմիայն Թուրքիայից հետո է վավերացնելու արձանագրությունները, ապա պարզ չէ ,թե ինչու անցած շաբաթ Հայաստանի նախագահը այդ արձանագրություները ուղարկեց Սահմանադրական դատարան, հատկապես, երբ դրա հրատապությունը չկար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանը՝ հավելելով, թե առնվազն պետք էր սպասել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG