Մատչելիության հղումներ

Ուսանողները չեն ցանկանում, որ կրթաթոշակներն ուղղվեն վարկային ֆոնդ


Ուսանողության միջազգային օրը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ի պատասխան ուսանողներից մեկի հարցին, թե ինչու ուսանողական կրթաթոշակները չեն բարձրացվում, ասաց, որ իրենք հակված են մոտ ապագայում կրթաթոշակն ընդհանրապես վերացնել:

Արմեն Աշոտյանը բացատրեց, որ հաջորդ տարի պետությունը կրթաթոշակ է տրամադրելու 19 հազար 700 ուսանողի, հատկացվելիք գումարը կազմում է 125-130մլն դրամ: «Այդ գումարը մոտավորապես 300 ուսանողի ուսման վարձի փոխհատուցում կարող է լինել: Այն ուսանողների, ովքեր այսօր արդեն ընդհատում են իրենց ուսումը» - ասաց ԿԳ նախարարը:

Նախարարի խոսքով, ուսանողներին տրամադրվող ամսական 5000 դրամն էական նշանակություն չի ունենում նրանց մեծ մասի համար: Հետեւաբար այդ գումարները կարելի է ուղղել դեպի ուսանողական վարկային ֆոնդ: ԿԳ նախարարության տվյալներով` կրթաթոշակներ ստացող ուսանողների մեջ աղքատ եւ խիստ աղքատ ընտանիքների ուսանողները 6 տոկոս են կազմում: Աշոտյանն ասում է, որ վճարովի համակարգում սովորող ուսանողներն էլ պահանջում են հենց այդ վարկային համակարգի ներդրման գործընթացն արագացնել:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում, սակայն, մի խումբ ուսանողներ իրենց զայրույթն արտահայտեցին վարկային համակարգի ներդրման գաղափարին` նշելով, որ դրա փոխարեն հարկավոր է վարձավճարների չափը վերանայել: Անհագստացած են հատկապես արվեստի բուհերի ուսանողները, ովքեր ամսական 5000 դրամով կարողանում են նկարչական պարագաների մի մասը գնել:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այս առթիվ հայտարարություն է տարածել, որում նախարարի հայտարարությունը որակվում է որպես «ուսանողի իրավունքների կոպիտ խախտում»: Նրանք պատրաստվում են նաեւ բողոքի ակցիա կազմակերպել:

Անհանգիստ ուսանողներին Աշոտյանը հանգստացրեց` նշելով թե դա դեռ ծրագիր է: 2010-ին դեռ ստեղծվելու են վարկային համակարգի ներդրման մեխանիզմները, իսկ ծրագրի իրականացումը ամբողջությամբ կսկվի հավանաբար 2013 թվականին:
XS
SM
MD
LG