Մատչելիության հղումներ

Ղարաբաղցի դաշնակցականները դեմ են հայ - թուրքական արձանագրություններին եւ Մադրիդյան սկզբունքներին


«Հայ - թուրքական հարաբերություննների ներկա զարգացումները հակասում են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության շահերին», - կիրակի օրը ընդունած հայտարարությունում արձանագրել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կազմակերպության 16-րդ շրջանային ժողովը:

Ղարաբաղցի դաշնակցականների շրջանային ժողովի համոզմամբ` «ստորագրված [հայ - թուրքական] արձանագրություններում պարունակվող ստորացուցիչ եւ վտանգավոր նախապայմանները, ինչպես նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է»: «Ակնհայտ է նաեւ, որ փորձ է կատարվում պառակտել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ճակատը», - ասված է հայտարարությունում:

«Մյուս կողմից այսպես կոչված մադրիդյան սկզբունքների շուրջ նկատվող աշխուժացումը վկայում է արցախյան հիմնախնդրում հայկական կողմի վրա ուժգնացող ճնշումների մասին: Սակայն ոչ մի պարտադրանք կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայությանը հետ կանգնել ազգային շահերից», - հայտարարում է Դաշնակցության Արցախի կազմակերպության շրջանային ժողովը եւ շեշտում. - «Հայ Դատի պայքարը իր ողջ բովանդակությամբ ոչ թե հայ ժողովրդի առանձին հատվածների պայքար է, այլ պայքար է անկախ պետականության ճակատագրի ու ողջ հայ ժողովրդի լինելիության համար: Համայն հայության ջանքերով արցախյան ճակատում ձեռք բերված արժանապատիվ հաղթանակը սակարկության առարկա չէ»:

Դաշնակցության Արցախի կառույցը վստահեցնում է, որ «այսուհետ եւս վճռականորեն կպայքարի համայն հայության իրավունքների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG